2024-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովը պաշտոնյաների բարեվարքության 120 ուսումնասիրություն է արել, որից 59-ը՝ մեդիայի հրապարակումների, 58-ը դիմումների և 3-ը հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակում։ ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի խոսքով՝ այդ թիվը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
«Նախորդ տարի 54 ուսումնասիրություն է եղել, 2024-ին՝ արդեն 120։ Այս տարի ավելի շատ կլինի, ընդ որում, հիմնական փոփոխությունը կապված է առերևույթ շահերի բախման դեպքերի աճի հետ»։
Հանրային բոլոր պաշտոնյաների վարքագծի միասնական կանոններ սահմանելու համար ԿԿՀ-ն արդեն ընդունված ոլորտային կանոնագրքերը համապատասխանեցրել է հանձնաժողովի տիպային կանոնագրքին։ Գալստյանը հատկապես խնդրահարույց է համարում Ազգային ժողովի և ավագանու անդամների վարքականոնների կանոնագրքի բացակայությունը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում մեր ուսումնասիրության ոլորտում այն դեպքերն են, երբ պատգամավորների և ավագանու անդամների հետ հարաբերվելիս պաշտոնատար անձինք թույլ են տալիս առերևույթ խախտումներ, որոնք մենք քննության ենք առնում, բայց դիմացինի վարքագիծը քննության առարկա չի դառնում, ինչը առնվազն խնդրահարույց է մեր տեսանկյունից։ Ուսումնասիրությունների արդյունքներով՝ հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ 5 վարույթ, որից 2-ով մենք արձանագրել ենք խախտում, իսկ 3-ը կասեցվել են, քանի որ տվյալ ժամանակահատվածում նշված հանգամանքներով քրեական վարույթ է նախաձեռնված եղել»։

Ի՞նչն է խանգարում, որ ավագանու անդամների վարքագծի կանոննները ևս հաստատի ԿԿՀ-ն՝ հետաքրքրվում է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Գալստյանը արձագանքում է՝ օրենքն իրենց նման իրավասություն չի տալիս։
«Որևէ մարմնի վերապահված չէ ավագանու անդամների վերաբերյալ կանոնագիրք սահմանել, ուստի իրենք չունեն կանոնագիրք ու չեն էլ սահմանում։ Մենք կարծում ենք, որ ճիշտ կլիներ ինչ-որ միասնական մոտեցում մշակել, օրինակ՝ ՏԿԵՆ-ին վերապահվեր, որ վերջինը տիպային նորմեր սահմանի, կամ մեր տիպայինի հիման վրա իրենցը սահմանի»։
Վլադիմիր Վարդանյանը կարծում է, ՏԿԵՆ-ին նման գործառույթ վերապահելն այնքան էլ ճիշտ չէ։
«Իմ կարծիքով՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում է պետք փոփոխություն կատարել։ Ես, հրապարակային հարթակն օգտագործելով, ասում եմ, որ մենք պետք է ավագանու անդամների վարքագծի կանոնները նախատեսենք օրենքի մակարդակով։ Այսինքն՝ սկզբունքային պայմանները, և երկրորդը՝ մենք պետք է կարողանանք, հնարավորություն պետք է ունենանք, մասնավորապես, հասկանալ, թե ի՞նչ ընթացակարգեր և ի՞նչ կառույցներ ունեն ավագանիները, որպեսզի կարողանանք այդ անձանց ենթարկել պատասխանատվության՝ կանոնների խախտման համար»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներից է նաև պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց՝ պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության ուսումնասիրությունը՝ ասում է Մարիամ Գալստյանը։ 2024-ին հանձնաժողովը մշտադիտարկել է խոշորացված համայնքների ղեկավարների, մարզպետերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը։ Պարզվել է, որ մշտադիտարկված 105 պաշտոնյաներից 40-ի ընտանիքի անդամները զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։
«9 դեպքում արձանագրվել է, որ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մասնակցել են համայնքային գնումների գործընթացին, ընդ որում, 7 դեպքում հենց նույն համայնքում, որտեղ անձինք պաշտոն են զբաղեցնում։ Մասնակցել և հաղթող են ճանաչվել»։
Գալստյանի խոսքով՝ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը երբեմն եզրահանգել է, որ կա անհամատեղելիության պահանջի խախտում, ինչն, ըստ օրենքի, պիտի հանգեցնի պաշտոնից ազատման։ Սակայն իրավասու կառույցը որևէ խախտում չի արձանագրել, և պաշտոնյան չի զրկվել լիազորություններից․
«Փաստացի ունենք իրավիճակ, որ անհամատեղելիության պահանջների խախտումով անձինք շարունակում են պաշտոնավարել, դրա համար մենք կարծում ենք, որ լավ կլինի օրենսդրական կարգավորումները խմբագրվել։ Եթե մենք օրենքում ունենք կարգավորում, որ անհամատեղելիության խախտումը հանգեցնում է պաշտոնի դադարեցմանը, կարծում եմ, պիտի պարտադիր կերպով օրենքը սահմանի, որ պարտավոր են հանձնաժողովի որոշման հիման վրա դադարեցնել լիազորությունները»։
Մարիամ Գալստյանի խոսքով՝ հաճախ ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր է դառնում այս կամ այն պաշտոնյայի լիազորությունների դադարեցումը։ Վլադիմիր Վարդանյանը հակադարձում է․
«Սովորական քաղաքական հարց չի, սա նաև սահմանադրաիրավական հարց լրջագույն Է, որովհետև մեկ ինքնավար մարմինը մյուս ինքնավար կամ անկախ մարմինների նկատմամբ չպետք է ունենա այնպիսի լիազորություններ, որոնք, ըստ էության, կարող են խոչընդոտել վերջինիս սահմանադրաիրավական գործառույթների իրականացման։ Իհարկե, լավ պրակտիկա չէ, որ առկա է անհամատեղելիություն, որը կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում, և մարմինը չի անդրադառնում դրան»։

2024-ին՝ նախորդ տարվա համեմատ 6 անգամ աճել է շահերի բախման վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը։ ԿԿՀ-ն 51 անգամ է ստուգել պետական կառույցների որևէ գործընթացում շահերի բախման հավանականությունը և արձանագրել, որ հիմնական խնդիրը գնումների ոչ իրավաչափ գործընթացն է․
«Կարգավորումները հիմա այնպես են, որ փոխկապակցված անձանց հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ կարգավորումներ չկան, այսինքն՝ արգելք առկա չէ, ուստի անձինք այն դեպքում, երբ ընտանիքի անդամների հետ կնքում են պայմանագրեր, օրենքի իմաստով ընթացակարգային պայմանները, երբ պահված են լինում, մենք միայն նայում ենք վարչական տեսանկյունից։ Այստեղ ուզում եմ նշել, որ վեց անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ հայտարարություն չներկայացվելու դեպքով, ութ դեպքում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, նախքան որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը, արդեն իսկ պրակտիկա են ձևավորել և դիմում են հանձնաժողովին»։
2024-ին ԿԿՀ-ի ուշադրության կենտրոնում են եղել նաև պաշտոնյաների նվերները։ Գալստյանի խոսքով՝ նախատեսված էր, որ մինչև մարտ ԿԿՀ-ն կունենա նվերների հաշվառման ռեեստր, սակայն ծրագիրը կասեցվել է և այս պահին նվերները հայտարարագրվում են excel ֆորմատով, միասնական ձևաչափ դեռ չկա։ Հանձնաժողովի կայքում հրապարակված են թույլատրելի նվերների 72 ձևանմուշներ․
«Մենք շատ ենք ունեցել դեպքեր, նույն Արտաքին գործերի նախարարը 20-ից ավելի նվերներ մեզ ներկայացրել էր գնահատման, որպեսզի մենք օգնեինք գնահատման շրջանակներում։ Մենք, բաց աղբյուրների կիրառմամբ, փորձում ենք բոլոր նվերների առնչությամբ տալ մոտավոր ֆինանսական գնահատական ու դրա հիման վրա առաջարկում ենք հրապարակել կամ չհաշվառել։ Այլ պաշտոնատար անձանց դեպքում էլ հիմնականում խորհրդատվությունը վերաբերում է հենց արժեքի բնորոշմանը»։
Նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններով հստակեցվել է կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ 3 կուսակցություններ՝ «Միավորում հանուն Հայաստանի», «Հայաստանի լիբերալ» և «Ժողովրդական համախմբում», 2022-ից չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ, ինչը գործունեությունը կասեցնելու հիմք է։