4 մարդ զոհվել, 12-ը հոսպիտալացվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Առավելապես տուժել են չորս հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է՝ ասում է ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
«Խիստ նախնական տեղեկությամբ՝ պայթյունը գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել։ Նոր փլուզման վտանգն այս պահին չենք կարող գնահատել: ՆԳՆ սեյսմիկ ծառայությունը շենքի գնահատականն է տալիս Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների հետ։ Զոհերը եղել են թե՛ այն բնակարանից, որտեղ պայթյունը եղել է, և թե՛ հարևան բնակարաններից»,- ասում է ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը:
ՆԳՆ ՓԾ տնօրենի խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են, քանի որ, ըստ ճշտված տեղեկությունների, շենքում ևս մեկ անձ է եղել: Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի, մասամբ նաև՝ կից մուտքի բնակարանները։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորներն առաջին բուժօգնությունը ստացել են Ճամբարակի բժշկական կենտրոնում։ Ավելի ուշ նրանցից 3-ը տեղափոխվել են Երևանի բուժհաստատություններ: Մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Վիրավորներից 4-ը երեխաներ են։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեք մահացածները, որոնց դիերն արդեն հայտնաբերված են, կանայք են:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը դեպքի վայր էր ժամանել, լրագրողների հետ զրույցում նշել է, որ բնակիչների նյութական վնասը առաջիկայում կգույքագրվի։ Նրանք կգիշերեն հյուրատներում և այնտեղ կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
«Մարզպետի աշխատակազմը գույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները և հյուրատները։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան»,- շեշտում է նախարարը։
Դեպքի առիթով Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքի կամ ապրանքների շրջանառություն, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը վնաս կամ այլ ծանր հետևանք։