
«Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը չենք միանա»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջարկված վարչապետի թեկնածուի մասին։
«Դավիթ Համբարձումյանին շատ լավ ճանաչում եմ, և շատ լավ կարծիքի եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը. այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք»,- ասել է Աղազարյանը։
«Մենք 2 նպատակ ենք հետապնդում։ Մեկը հեռացնել Նիկոլ Փաշինյանին, մյուսը 2026 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ կձևավորենք մի իշխանություն, որը նորագույն պատմության մեջ կլինի ամենալեգիտիմը։
Այս իմաստով մենք գտնում ենք, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ամենանպատակահարմարն է ու ընդունելին և՛ՔՊ-ի, և՛ «Հայաստան» խմբակցության, և՛ «Պատիվ ունեմ»-ի, և՛ արտախորհրդարանական շատ ուժերի համար»,- կարծում է նա։
Աղազարյանը կարծիքով, շատ ավելի հավանական է, որ ՔՊ-ականները միանան Աղազարյան-Ասլանյան-Մարուքյան եռյակին, քան Դավիթ Համբարձումյանին։
Նա վստահեցրեց, թե զրուցել է ՔՊ-ականների հետ, ովքեր ասել են, որ «կողմ» կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, անուններ, սակայն, չտվեց։
«Յոթ ամսվա ընթացքում Մարուքյանը բացասական իմաստով ոչ մի բան չի հասցնի անել»,-ընդգծեց Աղազարյանը։