Արդեն սովորույթի ուժով աշխարհը ուշադրությունը կրկին կենտրոնացել է Թրամփ-Մասկ տանդեմի գործողությունների վրա։ Այս անգամ նրանք թեժ վիճում են։ Բանը հասել է իրար թմրամոլության ու մանկապղծության մեջ մեղադրելուն, նոր կուսակցություն բացելուն և ԱՄՆ-ից վտարվելու սպառնալիքներին։
«Ես Իլոնի հարցում որեւէ անհանգստություն չունեմ։ Կարծում եմ՝ նա ֆանտաստիկ է»։
Հիացմունի այս խոսքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնչեցրել է մայիսի 30-ին։
«Նա իմ մասին վատ բան չի ասել, բայց վստահ եմ՝ հաջորդիվ կասի։ Ես շատ հիասթափված եմ Իլոնից»։
Հիասթափության այս խոսքը՝ հունիսի 5-ին։
Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ էր պետք, որ աշխարհի ամենաազդեցիկ ու ամենահարուստ տղամարդկանց միջև սերն ու վստահությունը ատելություն ու թշնամանք դառնային։ 21-րդ դարի կանոններով՝ բաժանման գործընթացը տեղի ունեցավ սոցցանցերում՝ բոլորի աչքի առաջ։ Առաջին քայլը Իլոն Մասկի այս գրառումն էր․


«Կներեք, բայց այլևս չեմ կարող դիմանալ։ Այս հսկայական, աղաղակող օրինագիծը գարշելի է։ Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին»։
Իլոն Մասկը «գարշելի» որակումն է ընտրել այն նախագծի համար, որը Թրամփը համարում էր « մեծ ու գեղեցիկ օրենք»։ Քննարկման առարկան հարկերի նվազեցման և ամերիկյան բիզնեսների մեջ ներդրումներ կատարելու նախաձեռնությունն է, որը, սակայն, ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի, կկրճատի հարկերը 3.7 տրիլիոն դոլարով, բայց հաջորդ 10 տարում կավելացնի երկրի ներքին պարտքը՝ 2.4 տրիլիոն, իսկ արտաքին պարտքը՝ 4 տրիլիոն դոլարով։ Օրենքը ավելացնելու է պաշտպանության ծախսերը և պայքարը անօրինական ներգաղթի դեմ՝ կրճատելով առողջապահական ապահովագրության, ուսանողական վարկերի և սննդի օգնության ծախսերը, ինչպես նաև վերացնելով կանաչ էներգիային, այդ թվում՝ էլեկտրական մեքենաներին աջակցելու համար նախատեսված բազմաթիվ հարկային արտոնությունները։
«Իլոնն այս օրինագծի ներքին գործընթացները գիտեր ավելի լավ, քան այստեղ նստած որեւէ մեկը։ Նա ամեն ինչ գիտեր դրա մասին ու խնդիր չուներ։ Նա խնդիր տեսավ միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ մենք ստիպված ենք լինելու կրճատել էլեկտրական մեքենաների պարտադիր պահանջը»։
Օվալաձև սենյակից հեռարձակումը դեռ չէր ավարտվել, երբ Մասկը X-ում գրեց՝ սուտ է։ Ասաց, որ օրինագծին ծանոթ չի եղել և հայտարարեց՝ «Առանց ինձ Թրամփն ընտրություններում կպարտվեր»։


2024 թվական, Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաք, նախընտրական հավաք։ Բեմում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն է․
«Նա փրկեց խոսքի ազատությունը։ Նա ստեղծեց հիանալի բաներ։ Արի այստեղ, Իլոն։ Նա ստեղծեց առաջին ամերիկյան խոշոր ավտոմոբիլային ընկերությունը և միայն նրա հրթիռային ընկերության շնորհիվ է, որ մենք այժմ կարող ենք ամերիկացի տիեզերագնացներ ուղարկել տիեզերք։ Արի այստեղ։ Վերցրու իշխանությունը, Իլոն, պարզապես վերցրու իշխանությունը»։
Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի համար ծախսել է ավելի քան 275 միլիոն դոլար։ Ընտրվելուց հետո Թրամփը նրան վստահեց պետական արդյունավետության վարչության ղեկավարի պաշտոնը, և աշխարհը սարսափեց տեղի ունեցող փոփոխություններից՝ հազարավոր աշխատատեղերի կրճատում, միլիարդավոր դոլարների պայմանագրերի սառեցում։
«Սա վերջը չէ, սա իրականում սկիզբն է։ Իմ ժամանակը՝ որպես կառավարության հատուկ նշանակված անձ, պարտադիր կերպով պետք է ավարտվեր։ Բայց թիմը ժամանակի ընթացքում միայն ավելի ուժեղ կդառնա, նրա ազդեցությունը միայն կուժեղանա»։
Մասկը Սպիտակ տնից հեռացավ պաշտոնավարումից 134 օր հետո, Թրամփի հետ հակամարտության սկսվելուց մի քանի օր առաջ՝ գոհ և շնորհակալ։ Հետո ասաց՝ Թրամփն առանց ինձ կպարտվեր ընտրություններում։ Միջազգային վերլուծաբանների կարծիքով՝ մեծ հնարավորություններ ու մեծ էգոներ ունեցող այս երկու մարդկանց հարաբերություններում սահմանային կետը հենց այս հայտարարությունն է եղել։


Միջազգային մամուլն արդեն քննարկում է՝ ով ում համար ինչ մասշտաբի վտանգ կարող է ստեղծել։ Այսպես, օրինակ, Թրամփը սպառնաց դադարեցնել պետական ֆինանսավորման և պայմանագրերի տրամադրումը Մասկի ընկերություններին՝ ԱՄՆ բյուջեի համար «միլիարդավոր և միլիարդավոր դոլարներ» խնայելու համար: Նա զարմացած էր, որ Ջո Բայդենի վարչակազմը նախկինում դա չէր արել:
Մասկը ամիջապես տեղադրեց Թրամփի հրապարակման սքրինշոթը պատասխանելով․
«Հաշվի առնելով նախագահի հայտարարությունը իմ պետական պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին, SpaceX– ը անմիջապես կսկսի իր Dragon տիեզերանավը շահագործումից հանելու գործընթացը»
Dragon-ը միակ ամերիկյան տիեզերանավն է, որն անձակազմին հասցնում է Միջազգային տիեզերական կայան։
Փոխադարձ սպառնալիք-մեղադրանքները նաև անձնական դաշտում են։ Այսպես Թրամփը Մասկին՝ թմրամոլ, Մասկը Թրամփին՝ մանկապիղծ լինելու մեջ է կասկածում։
«Ես համոզված եմ, որ նա անօրինական ներգաղթյալ է և պետք է անհապաղ արտաքսվի երկրից», — ասել է ԱՄՆ նախագահի նախկին գլխավոր օգնական Սթիվ Բեննոնը։
«Իսկական ռումբ գցելու ժամանակը. Թրամփը Էփշտեյնի ֆայլերում է»։ Ահա թե ինչու դրանք իրականում չեն հրապարակվի»,- գրել է Մասկը։
Սա 2000-ական կեսերի սկանդալային գործ է, որով Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման մեջ, ինչպես նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։ 2019 թվականին ֆինանսիստին մահացած են գտել իր բանտախցում։ Ամերիկացիների շրջանում տարածված տեսություն կա, որ գործին խառնված են քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ։




Թվային այս հակամարտությունը կարող է ֆիզիկական վնաս հասցնել կողմերին և ամբողջ աշխարհին։ Tesla-ն մեկ օրում 153 միլիարդ դոլար է կորցրել, Մասկը՝ աղքատացել 34 միլիարդով։ Վերջինս մի քանի ամիս առաջ նշել էր, որ 100 միլիոն դոլար կներդնի Թրամփի քաղաքական կոմիտեներում։ Արդեն հայտարարել է՝ նման բան չի անելու։ Եվ թվում է՝ հենց սա է այն իրավիճակը, որին մարդիկ «ոչ իրար հետ են կարողանում, ոչ առանց իրար» որակումն են տալիս։ Թրամփն, ամեն դեպքում, վստահ է՝ իրեն ու Ամերիկային Իլոն Մասկը պետք չեն․
— Կարծում եք, որ ԱՄՆ-ն կարո՞ղ է գոյատևել առանց նրա: Ակնհայտ է, որ շատ բան են անում պաշտպանության, տիեզերքի հարցերում, և այդ հարաբերությունները կարևոր են եղել բավականին երկար ժամանակ:
— ԱՄՆ-ն կարող է գոյատևել գրեթե առանց բոլորի: Բացի ինձանից:
Իսկ մինչ այդ Մասկը դիտարկում է Ամերիկան առանց Թրամփի տեսնելու հեռանկարը։ Սկզբում նա չբացառեց դեմոկրատներին միանալու հավանականությունը, իսկ հետո X-ի՝ իր 220 միլիոնից ավելի բաժանորդների շրջանում քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին հարցում անցկացրեց։ Ավելի քան 5 միլիոն օգտատերերի 80 տոկոսը ասացին «այո»։