
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է РБК-ն։
Ըստ տեղեկությունների՝ փաստաթուղթը ստորագրվել է Լոնդոնում, որտեղ պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը։
«Միջոցառման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցեր և փոխգործակցության հեռանկարային ոլորտներ»,- ասված է բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ղազախա-բրիտանական համագործակցության հիմնական ուղղություններն են խաղաղապահությունը, լեզվի ուսուցումը և ղազախ զինվորականների պատրաստումը Մեծ Բրիտանիայի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում։
«Միջոցառումից հետո կողմերը ստորագրեցին Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև 2025-2026 թվականների ռազմական համագործակցության պլանը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: