Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը Կոսովոյից կրած 2։5 հաշվով պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ստեղծված իրավիճակի լուծումներից մեկն այն է, որ ֆուտբոլիստները պետք է բավարար խաղաժամանակ ստանան իրենց ակումբներում։ Սևիկյանը, Թիկնիզյանը քիչ խաղաժամանակ են ստանում իրենց ակումբներում, և դա իր ազդեցությունն ունենում է այս մակարդակում խաղալու տեսանկյունից։ Նույնը վերաբերում է նաև Միրանյանին, Համբարձումյանին»,- ասել է մարզիչը։
Լրագրողների հարցին՝ որքանո՞վ է արդար պարտության հիմնական պատճառը նշել ֆուտբոլիստների՝ քիչ խաղաժամանակ ստանալը, այն պարագայում երբ թիմի հայտացուցակում կան խաղացողներ, որոնք բավարար խաղաժամանակ են ստանում, ինչպես օրինակ Նարեկ Գրիգորյանը, մարզիչն ասել է․ «Այո, մասամբ ճիշտ եք, բայց երբ 3 օրում երկու խաղ պետք է անցկացնես, ստիպված ես բալանսավորված ընտրություն կատարել։
Միրանյա՞նը․ նա բավարար որակներ ունի, այո շատ խաղաժամանակ չի ստանում իր ակումբում, բայց հանդես է գալիս լավ առաջնությունում, մարզվում է այդ պայմաններում։ Խաղի վերջին 15 րոպեում կարող էր օգուտ տալ թիմին, բայց երբ նա դուրս եկավ խաղադաշտ, թիմն արդեն իսկ կռիվ էր տալիս ու այնքան էլ լավ վիճակում չէր։ Ես չեմ տեսել Հայաստանի առաջնությունում ավելի լավ հարձակվողի: Դժվար է, բայց պետք է աշխատել, ընտրությունը մեծ չէ։ Այս խաղացողների հատկանիշների բարելավման պարագայում կարող ենք հաջողության հասնել։ Հուսով եմ՝ նրանք կսկսեն ավելի բարձրակարգ թիմերում խաղալ։ Միայն այդ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ»։
Անդրադառնալով դարպասապահ Հենրի Ավագյանի գործողություններին՝ մարզիչը բավական բարձր է գնահատել նրա խաղը, որոշ դրվագներում կատարած սեյվերն ու համարձակ որոշումները։ Ընդհանուր առմամբ, մարզիչը նշել է՝ բոլոր խաղացողները ներդրել են իրենց ողջ ուժերը։
«Բարկացած չէի, այլ հիասթափված, իսկ դա բնական է նման պարտությունից հետո»,- ասել է մարզիչը։