ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հանձնարարել է մոտ 50 հոգևորականներից կազմված ցուցակ կազմել և տեղեկության հավաքագրել նրանց վերաբերյալ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ցուցակ կազմելու նպատակը ապագայում նրանց նկատմամբ հնարավոր գործողություններ իրականացնելն է։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։
