Երբ 50-100 հոգով են լինում, ավելի են ոգեւորվում. Երուսաղեմից մեր հայրենակիցը՝ Հայոց եկեղեցու հանդեպ հրեաների անհարգալից վերաբերմունքի մասին

Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Իսրայելում երկու անցորդ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Հայոց եկեղեցու հանդեպ՝ թքելով Երուսաղեմի Հայոց վանքի մուտքի մոտ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Գիրագոսյանից:

Նա հաստատեց, որ նման միջադեպ իսկապես տեղի է ունեցել Հայոց վանքի մուտքի մոտ, հետո հավաքվել են նաեւ այլ հրեաներ: Իրեն զանգահարել են մեր այլ հայրենակիցներ, իսկ Բեդիկ Գիրագոսյանը արդեն տեւական ժամանակ հսկում է Կովերի պարտեզը, որից հետո արագ հասել են դեպքի վայր:

«Կովերի պարտեզը մոտ է, զանգեցին, վազելով գնացինք, զանգեցինք ոստիկանություն, սակայն ոստիկանությունը 15-20 րոպե ուշացումով եկավ, սակայն ոչ մի բան չձեռնարկեց: Նման դեպքերը վերջին շրջանում շատ-շատ են պատահում, սրանք ծայրահեղության նշաններ էին, որ առաջ էլ կային, բայց հիմա ավելի են շատացել»,-մեզ փոխանցեց իսրայելաբնակ մեր հայրենակիցը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված նման դեպքերի թվի աճը: Բեդիկ Գիրագոսյանն ասաց, որ ավելի շատ մարդ է անցնում Երուսաղեմի Հայկական թաղամասով, նաեւ հիմա հրեական տոներն են, նաեւ դրանով է պայմանավորված:

Մեր զրուցակիցը նշեց, որ նման միջադեպեր լինում են հատկապես այն ժամանակ, երբ հրեաները մեծ խմբերով են լինում. «Երբ 50-100 հոգով են լինում, այդ ժամանակ ավելի են ոգեւորվում, մարդաքանակով պայմանավորված՝ ավելի ագրեսիվ են դառնում: Մենք միշտ ոստիկանություն ենք զանգում, բայց երբեք արագ տեղ չի հասնում»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նման վերաբերմունքը բոլոր քրիստոնյաների հանդեպ է, բայց ատելության մեծ բաժինն ուղղված է Հայոց եկեղեցու ու հայերի դեմ. «Մնացած վանքերը հեռու են, բայց մենք ճիշտ իրենց ճանապարհի վրա ենք եւ իրենք Հայոց թաղով են անցուդարձ անում՝ եւ քայլելով, եւ մեքենայով: Ուրիշ ճանապարհ չունեն, միայն Հայոց թաղով պետք է անցնեն, այսինքն` իրենք մեզ ավելի շատ են հանդիպում: Իրենք էլ լավ գիտեն, որ մենք այստեղից որեւէ տեղ չենք գնալու, ինչքան էլ նեղեն, մենք դիմադրելու ենք, իրենք չեն կարող մեզ վախեցնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները Բեդիկ ԿԻրակոսյանի ֆեյսբուքյան էջից եւ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment