
Դիտում ՝ 22 553
Սպիտակ տունը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես տեղեկացված չի եղել Կիևի՝ ռուսական օդանավակայանների վրա հարձակումների ծրագրերի մասին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ, գրում է The New York Times-ը:
«Ես նրա հետ այդ մասին այսօր առավոտյան եմ խոսել։ Նա նախկինի պես դրական է տրամադրված Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի առումով, առաջընթացի, որը մենք տեսնում ենք»,- ասել է նա։
Լևիթը հիշեցրել է՝ ընդամենը չորս ամսում ինչպիսի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ նախագահի աջակցությամբ։
«Նախորդ տարի այս շրջանում անհնար էր պատկերացնել, որ ՌԴ-ն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններ կվարեն»,- նշել է նա։
Խոսնակը նաև անդրադարձել է հարցին՝ արդյոք Թրամփը շարունակում է աջակցել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագծին, որ նախապատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսում։
«Նա խոհեմաբար այս գործիքը պահում է իր զինանոցում՝ հարկ եղած դեպքում կիրառելու համար»,- հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Կիսվել սոց․ ցանցերում