«Դոգի» եւ Փաշինյանի հայհոյանքների տարբերությունը

Մանկապարտեզային տրամաբանությունը մեր իշխանավորների մոտ չափազանց զարգացած է: Հենց որ սկսում են իրենց անպարկեշտ պահել, միանգամից արդարացում են գտնում՝ «բա որ նրանք…», «նրանք առաջինն են սկսել, մենք միայն պատասխանում ենք»: «Նրանք», այսինքն՝ ընդդիմադիր գործիչները, բլոգերները, ստատուսագիրները եւ այլն, նույնպես շատ վատ են վարվում, երբ անձնական վիրավորանքներ կամ բամբասանքներ են գրում իշխանավորների հասցեին: Բայց սիմետրիա, այնուամենայնիվ, չկա:

Երբ հայհոյում կամ բանսարկություններով է զբաղվում «Դոգը» (եւ նման հազարավոր մարդիկ), եւ երբ նույնն անում է Փաշինյանը, դա զուտ էթիկական առումով հավասարապես դատապարտելի է, բայց քաղաքականության, պետականության առումով դրանք չափազանց տարբեր երեւույթներ են: Երբ «Դոգը» թիրախավորում է ՀՀ X քաղաքացուն, նա որեւէ լծակ չունի այդ քաղաքացուն էական վնաս տալու: Նրա մեջքին կանգնած չեն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները եւ այլն: Վարչապետն այդ բոլոր գործիքներին տիրապետում է: Իհարկե վատ է, որ նա հնարավորություն ունի այդ գործիքներն իր անձնական-քաղաքական շահերի համար օգտագործելու, վատ է, երբ ՔՊ-ականը դառնում է ոստիկանապետ, բայց դա այլ թեմա է: Մենք խոսում ենք եղած իրողությունների մասին:

Օրինակ, երբ Փաշինյանը կամ նրա մերձավոր շրջապատից որեւէ մեկն ասում է, որ այս մարդը «թալանչի է», դա նշանակում է, որ նա կարող է մոբիլիզացնել իր ողջ ռեպրեսիվ ապարատը՝ այդ թեզն ապացուցելու համար: Երբ վարչապետն ասում է, որ այսինչ մարդը սեռական կապի մեջ է այսինչ կնոջ հետ, դա չի կարող համեմատվել «Դոգի» հայհոյանքների հետ, որովհետեւ ակնհայտ է, որ Փաշինյանն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած պետական ապարատը՝ այդ կոմպրոմատն «աշխատեցնելու» եւ ինչ-որ տեղ արտահոսք անելու համար: Բայց եթե նույնիսկ այդպիսի ուղիղ հրահանգ չլինի, հիշյալ կառույցներում կգտնվեն որոշ ակտիվ կերպարներ, որոնք կցանկանան այդպես ծառայել պետության առաջին դեմքին:

Այնպես որ՝ իշխանավորների, նրանց մերձավորների եւ, մյուս կողմից՝ շարքային քաղաքացիների «անպատեհ խոսույթները» լրիվ տարբեր բաներ են: Եթե նույնիսկ «նաչալնիկները» նախահարձակ չեն, այլ պարզապես «համարժեք պատասխան» կամ «շեշտակի հակահարված» են տալիս, նրանց այդ «հակահարվածները» կարող են «վարչական հետեւանքներ» ունենալ:

 

…«Հասարակությանը կրթելու» մասին էլ չեմ խոսում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment