«21-րդ դարի ամենառասիստական, պետականորեն հովանավորված հանցագործությունն իրականացրել է Ադրբեջանը 2023 թվականին։ Այդ օրերին, Ադրբեջանը գործադրեց իր բանակը՝ կազմակերպելու համար հայերի էթնիկ զտում իր տարածքից։ Ընդամենը մեկ շաբաթում 100.000 հայեր լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Այսօր այնտեղ հայեր չկան», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Իոաննիսյանի հավաստմամբ՝ դա 1988-ին Ադրբեջանում սաղմնավորված քաղաքականության վերջնական ակտն էր։ Իրավապաշտպանը հարկ է համարել շեշտել, որ Հայաստանը լքած ադրբեջանցիները երբեւէ բռնության չեն ենթարկվել։
Ադրբեջանի բռնապետը, ինչպես Իոաննիսյանը կոչեց Իլհամ Ալիեւին, հովանավորել է հայատյացությունն Ադրբեջանում։
«2012 թվականին Ալիեւը ներում շնորհեց եւ պարգեւատրեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ–ի վարժանքների ժամանակ սպանել էր քնած հայ սպային։ 2016 թվականին Ալիեւը պարգեւատրեց մի ադրբեջանցի զինծառայողի, որը գլխատել էր հայ զինվորի՝ հպարտորեն լուսանկար հրապարակելով այդ տեսարանից սոցիալական մեդիայում», – փաստել է Դ․ Իոաննիսյանը։
Հայ իրավապաշտպանը հիշեցրել է նաեւ, որ ըստ նախագահ Ալիեւի՝ հայերը մարդ չեն, շներ են։
«Անկախ քաղաքացիությունից, եթե հայկական ազգանուն ես կրում, ժամանի՛ր Բաքվի օդանավակայան, եւ ականատես կլինես ռասիզմին իր ամբողջ հմայքով», – ընդգծել է Դանիել Իոաննիսյանը։
Համեմատությամբ, նա փաստել է, որ ադրբեջանցիները կարող են ազատորեն երգել Երեւանի կենտրոնական հրապարակում՝ հղում կատարելով տարեսկզբին արձանագրված դեպքին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: