Գազայի հարավում՝ Ռաֆահ քաղաքում, իսրայելական զինվորականները կրակ են բացել հումանիտար օգնության բաշխման կետի մոտ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է 24 սպանվածի մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ զինվորականները կրակել են կասկածելի մարդկանց վրա, որոնք նախազգուշական կրակին չեն արձագանքել։
Գրեթե այս նույն տեղում կիրակի օրը իսրայելական կրակից զոհվել էր 31 մարդ, վիրավորվել 200-ը։
Այդ ժամանակ ՑԱԽԱԼ-ը հերքում էր, որ կրակել են պաղեստինցիների վրա՝ խոստովանելով միայն, որ նախազգուշական կրակ են բացել՝ վտանգ տեսնելով իրենց մոտեցող մարդկանցից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի համար։
«Անընդունելի է, որ պաղեստինցիները սննդի համար իրենց կյանքը վտանգի ենթարկեն»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ անկախ հետաքննություն սկսել մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։