Մայրաքաղաքին հատուկ յոթ խնդիր՝ Երևանի դպրոցների աշակերտների տեսանկյունից․ «ավագանու անդամներն» այսօր երեխաներն էին

Աղբահանության, օդի աղտոտվածության, անձրևաջրերի կառավարման և այլ խնդիրների մասին իրենց մտքերը, անհանգստությունները, լուծման տարբերակները բարձրաձայնելու համար մայրաքաղաքների դպրոցների 65 աշակերտներ այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանում՝ արդեն ավանդույթ դարձած նիստին մասնակցելու։ Ամեն տարի Հունիսի 1–ին հաջորդող ավագանու նիստը վստահվում է Երևանի դպրոցների աշակերտներին։

«Նիստին մասնակցում է 65 աշակերտ, քվորում ունենք, այնպես որ սկսենք․․․»։

Դպրոցական հագուստով 65 երեխա միաժամանակ ձեռք է բարձրացնում՝ այս անգամ ոչ թե դաս պատասխանելու, այլ Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգը հաստատելու պատարստակամությամբ։ Երևանի քաղաքապետարանը, ավանդույթի համաձայն, Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան հաջորդող նիստը անցկացնում է Երևանի դպրոցների աշակերտների մասնակցությամբ՝ լսելով քաղաքի խնդիրների մասին նրանց պատկերացումներն ու առաջարկները։

«Օրակարգում ընգրկված է յոթ հարց։ Ովքե՞ր են կողմ օրակարգի հաստատմանը․․․»

Աղբահանությունից մինչև անձրևաջրերի կառավարում, օդի աղտոտավածությունից մինչև մշակութային արժեքների պահպանման ու հանրահռչակման անհրաժեշտություն․ զեկուցվող հարցերի միջոցով երեխաներըանդրադաձել են, իրենց պատկերացմամբ, քաղաքի գլխավոր խնդիրներին։ Երևանի 134 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանե Սահակյանի զեկուցումը, օրինակ, «Հոգեկան առողջությունը որպես անտեսված իրավունք» թեմայով է․

«Հատկապես դպրոցը, որ պետք է լինի ոչ միայն կրթության, այլև զարգացման ու ինքնահաստատման հարթակ, հաճախ դառնում է սթրեսի ու անհանգստության հիմնական աղբյուրներից մեկը։ Մեր դպրոցներում դեռևս բացակայում է այն գործիքակազմը, որը կօգնի աշակերներին հաղթահարելու հոգեբանական բարդույթները առանց ամոթի կամ դատապարտման զգացումի։ Դպրոցը հիմանակնում շարունակում է գործել որպես գիտելիք տվող կառույց, ոչ թե հոգեբանական անվտանգ միջավայր։ Որպես պարզ օրինակ դասընկերուհիս երկար ժամանակ չէր խոսում իր վատ ինքնազգացողության մասին, մինչև մի օր ուղղակի չէր եկել դպրոց։ Հետո պարզվեց, որ պարբերաբար տագնապային գրոհներ էր ունենում, բայց չէր համարձակվում դիմելու ուսուցչուհուն կամ ծնողներին»։

Աշակերտներն իրենց զեկուցումներում առաջարկներին ևս տեղ էին հատկացրել։ Այսպես, Մանե Սահակյանն առաջարկում է դպրոցներում ներդնել հոգեբանության ժամ, որը ենթադրում է շաբաթական մեկ դասաժամ-հանդիպում որակավորված հոգեբանի հետ։ Աշակերտի զեկուցմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթև Ստեփանյանն է անդրադառնում՝ մինչև վերջնական լուծումը այս պահին գործող տարբերակներն առաջարկելով․

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր իրողության մեջ ոչ բոլոր մեծահասակներն են կարող խոսել այս խնդրի մասին այնքան համակարգված կերպով, ինչքան ներկայացրիք Դուք։ Ես նաև հասկանում եմ, որ հնարավոր է որոշակի առումներով կաշկանդված լինեք հենց դպրոցում գործող հոգեբանին դիմելու կամ հոգեբանի սենյակ գնալու հարցում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առնվազն Երևան համայնքում, երեխայի ու ընտանքի աջակցության կենտրոններ ունի, ու մենք կտեղեկացնենք բոլոր դպրոցներին, որ դուք կարող եք նաև անվճար հոգեբանի խորհրադակցության անհրաժեշտության դեպքում դիմել այդ մասնագետներին»։

«Քաղաքի խնդրի անմիջական կրողը երեխան է» տրամաբանությամբ առաջանորդվելով՝ մի շարք զեկուցումներ վերաբերում էին հատկապես այս շրջանում  ակնառու անհանգստություններին՝ աղբահանություն, քաղաքաշինական նորմերի խախտման հետևանքով առաջացող օդի աղտոտվածություն և այլն։ 174 հիմնական դպրոցի աշակերտ, այսօր համատեղության կարգով ավագանու անդամի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Նավասարդյանը հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքում ստեղծվող իրավիճակին գեղարվեստական մեկնաբանություն էր տվել՝ գրելով փոքրիկ պատմվածք, բայց խոսքն ավարտելով խնդրի հստակ սահմանումով․

«Հարգելի՛ ներկաներ, Երևան համայնքի ջրահեռացման համակարգն այլևս անհուսալի է, մաշված՝ պապիս սապոգների պես։ Գարնանային անձրևները կենսատու ուժ են․ հարկավոր է նպատակային ձևով օգտագործել, այնինչ յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո Երևանի մի զգալի մասը կաթվածահար է լինում։ Կարծում եմ՝ այս հարցը հրատապ լուծում պահանջողներից է։ Խնդրում ենք հնարավորինս շտապ լուծում տալ այդ հարցին»։

Հայկ Նավասարդյանը վստահ է՝ նիստին ներկա աշակերտները պատարստ են առաջարկելու իրենց օգնությունը՝ ուսումնասիրելու միջազգային փորձը, վեր հանելու խնդրի լուծման հնարավոր տարբերակներ, միանալու գործընթացին՝ ուժերը ներածին չափով։ Բայց փոխքաղաքապետ Կարո Արեյանը աշակերտին մեկ խնդրանք ունի․

«Հայկ ջան, ամեն հորդառատ անձրևից հետո պիտի խնդրեմ հաջորդ ավագանու նիստին գաս։ Երանի ամեն մեկը քեզ նման ունենար էդ ողջամտությունն ու սրտացավությունը։ Այո՛, իրավացի ես, Հայկ ջան․ մայրաքաղաքի հեղեղատար համակարգն ունի խնդիրներ։ Խոսքը վերաբերում է մակերևութային ջրերին։ Մենք հիմա ունենք մոտ 170 կմ ցանց՝ վարձակալության հիմունքներով հանձնված «Վեոլիա ջուր» ընկերությանը, որը պարտավոր է պահպանել, շահագործել, սպասրկել։ Կուզեմ օբյեկտիվորեն գնահատել, որ կտրուկ կլիմայափոխություն է կատարվել․ այսպիսի հորդառատ անձրևներ նկատելի են վերջին 2 տարվա ընթացքում։ Չեմ ուզում մեղքը բարդել բնության վրա․ մեր քաղաքն ունի տեխնիկական խնդիրներ, բայց սա օբյեկտիվ երևույթ է։ Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը անձրևի պատճառած դժվարությունների համար ու ողջունում եմ ձեր հարցադրումը, ուրախ եմ, որ և՛ գեղարվեստորեն, և՛ իրականում տեսել եք այդ խնդիրը»։

Աշակերտների մասնակցությամբ ավագանու նիստը տևեց ավելի քան 2,5 ժամ։ Ավագանու անդամները խոստացան ի գիտություն ընդունել ներկայացված յոթ զեկուցումներն ու դրանցից յուրաքնաչյուրի շրջանակում բարձրաձայնված հարցերը։ Նրանք խոստացան անել ամեն բան, որ այդ խնդիրները նոր սերնդի աշխատանքի անցնելու տարիներին այլևս արդիական չլինեն։

Leave a Comment