ԵՊՀ-ի աստվածաբան ռեկտորը խուսափեց պատասխանել Փաշինյանի կողմից եկեղեցին թիրախավորելու մասին հարցին. «Ես այստեղ եմ որպես ռեկտոր, եւ ոչ թե որպես աստվածաբան»

«Այսօր բացում ենք օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիա՝ դրա հետ կապված ունենք վարչապետի այց Երեւանի պետական համալսարան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Դիտարկմանը՝ նախապես հայտարարություն չի եղել եւ տպավորություն է, որ այցը գաղտնի է, ռեկտորն այսպես արձագանքեց. «Գաղտնի ոչինչ չի եղել… Ուսանողներն ազատ են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել վարչապետին: Մենք ֆակուլտետներին դիմել ենք, իրենք տվել են ակտիվ ուսանողների ցանկ եւ ասել են, որ ազատ են բոլոր տեսակի հարցերի համար»:

ԵՊՀ ռեկտորից՝ որպես աստվածաբանի, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է իշխանությունների կողմից եկեղեցին թիրախավորելու վերաբերյալ: «Նման մասնագիտական հարցերի հետ կապված չեմ պատասխանելու, որովհետեւ այսօր այստեղ այլ առիթով ենք հավաքված, ես իրավունք ունեմ չպատասխանելու այդ հարցին եւ չեմ պատասխանում: Ես այստեղ եմ որպես ռեկտոր եւ ոչ թե որպես աստվածաբան»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Դառնալով օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիայի բացմանը, ԵՊՀ ռեկտորն ասաց, որ կրթական ԾԻԳ-ի եւ գիտության կոմիտեի գումարներով մեծ լաբորատորիա է ստեղծվել, ունեն գիտական աննկարագրելի արդյունքներ, ինչով էլ պայմանավորված է լաբորատորիայի բացումը, նաեւ Փաշինյանի այցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի ԵՊՀ-ն ունեցել է շուրջ 700 արտասահմանյան հրապարակում:

 Ի դեպ, ԵՊՀ կայքում տեղեկատվություն կա, որ ԵՊՀ-ում Գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիան ստեղծվել է դեռեւս 2000 թ. ամերիկահայ պրոֆեսոր Արա Ապկարյանի աջակցությամբ հիմնադրված Գերարագ օպտիկայի լաբորատորիայի բազայի հիման վրա, հետագայում էլ՝ «Գիտություն հանուն խաղաղության» միջազգային ծրագրի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment