Ինչպե՞ս աջակցել ուսուցիչներին փոփոխությունների դարաշրջանում. «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» համաժողովի արդյունքները

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովը։ Մասնակիցների կարծիքով, այն կարևոր հարթակ է կրթության ոլորտի հարցերի մասին խոսելու և դրանք քննարկելու համար: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ասել է, որ ուսուցչական ամենամյա համաժողովներ են կազմակերպում, քանի որ ուսուցիչներից, դպրոցներից շատ բան ունեն լսելու և սովորելու: «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» մանկավարժական համաժողովում քննարկվել են ժամանակակից կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները:

Ուսուցչի դերը կայուն և առաջադեմ հասարակության ձևավորման գործում առաջնային է։ Դրա համար մանկավարժները պետք է պաշտպանված լինեն, թե՛ դպրոցում, թե՛ հասարակությունում, «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը հիշեցրեց հանրապետության որոշ դպրոցներում տեղի ունեցած դեպքերը, որոնք նրա կարծիքով, ցույց են տալիս, որ հասարակությունը հաճախ խախտում է ավանդական վերաբերմունքը ուսուցիչների հանդեպ։

«Հարգանքն առաջին հերթին վաստակում են, բայց մենք պետք է հասկանանք, որ ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը, որոնք որ առաջին հերթին անվտանգ և ապահով միջավայրի հարցն են բարձրացնում, շատ կարևոր է, և մենք չենք կարող այդ խնդրին չանդրադառանալ»։

Պետք է ապահովվենք օրենսդրական և ինստիտուցիոնալ բոլոր լծակները դպրոցներում ուսուցիչներին պաշտպանելու համար, ասաց նախարարը։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիքներ փոխանցող մասնագետ է, այլև պետության հենարանը: Նրա աշխատանքը պետք է ոչ միայն ճանաչվի, այլև պաշտպանվի բոլոր մակարդակներում, համոզված է ԿԳՄՍ նախարարը․

«Մենք, որպեսզի ունենանք որակյալ կրթություն, ուսուցիչն անփոխարինելի է։ Պետք է մտածենք՝ ինչպես կարող ենք դպրոցներն ուսուցիչների համար դարձնել ապահով, հաճելի աշխատավայր»։

Նախարարի խոսքով՝ ժամանակակից ուսուցիչը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ պատասխանատվության բարձր մակարդակից մինչև դժվար սոցիալական իրավիճակ: Այս առումով, արդիական է ուսուցիչների համար իրավական և ինստիտուցիոնալ աջակցության մեխանիզմների ստեղծումը:

Կրթությունը փոփոխությունների համատեքստում

Այսօր կրթական համակարգը զարգանում է բարդ, բազմաշերտ գործընթացներով, որոնց վրա ազդում են բազմաթիվ արտաքին գործոններ։ Աշխարհում տեղի են ունենում մի շարք փոխկապակցված փոփոխություններ՝ արագ տեխնոլոգիական առաջընթացից մինչև սոցիալ-մշակութային և տնտեսական վերափոխումներ: Այս բոլոր գործընթացները ստեղծում են նոր մարտահրավերներ և վեկտորներ կրթության զարգացման համար։ Նախարարն անդրադարձավ այդ մարտահրավերներին   ու դրանց դիմակայելու բարդություններին։

«Որոշ մարտահրավերների գիտենք՝ ինչպես արձագանքել, բայց որոշներին, ինչպիսին է արհեստական բանականությունը՝ ոչ այնքան: Դեռևս պարզ չէ, թե ինչպե՞ս պետք է փոխվի կրթությունը արհեստական բանականության գործիքների կիրառության ընթացքում, որն արդեն իսկ տեղի է ունենում՝ անկախ նրանից՝ մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ»։

Ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացումը, աշխատաշուկայի կառուցվածքի փոփոխությունները, միգրացիոն գործընթացները, ընտանեկան արժեքների և հասարակական սպասումների վերափոխումը՝ այս ամենն ազդում է կրթական գործունեության բովանդակության, ձևերի և նպատակների վրա: Հետևաբար, կրթական համակարգը կարիք ունի ճկունության, հարմարվողականության։ Որակյալ կրթության համար, ըստ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, անհրաժեշտ են տարբեր բաղադրիչներ։ Այստեղ ամենակարևորը երիտասարդ սերունդն է, որը դպրոցից գալիս է համալսարան։  

«Այս իմաստով, դպրոցում տեղի ունեցող փոփոխությունները, կրթական նոր չափորոշիչներն էական կարևորություն ունեն համալսարանում որակյալ կադրեր պատրաստելու համար։ Մեր աշխատանքը փոխկապակցված է՝ բուհերի և դպրոցների, որովհետև առանց մեկի, մյուսի գոյությունն արդարացված չէ։ Եվ որքան դուք ջանք եք դնում որակյալ կադրեր պատրաստելու համար, այնքան հեշտանում է թե՛ մեր գործը, թե՛ մեր որակն է բարելավվում։ Ձեր աշխատանքից կախված է ԵՊՀ–ում որակյալ կադրեր պատրաստելու հարցը»։

Տեխնոլոգիան՝ որպես մարտահրավեր և ռեսուրս

Նոր տեխնոլոգիաների ներդրումը կրթության ոլորտում որոշակի մտահոգություններ և անհանգստություն է առաջացնում ուսուցչական համայնքի մոտ: Մասնագետների կարծիքով, սա բնական արձագանք է սովորական ​​միջավայրից դուրս գալու փոփոխություններին: Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են և պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մարտահրավեր, այլև որպես հզոր ռեսուրս:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի խոսքով՝ թվային գործիքները, հարթակները և հավելվածները, ճիշտ օգտագործելիս, դառնում են արդյունավետ օգնականներ ուսուցչի ամենօրյա աշխատանքում. դրանք հեշտացնում են կրթական գործընթացի կազմակերպումը, նպաստում են ուսուցման անհատականացմանը, ընդլայնում դիդակտիկ հնարավորությունները և դասերը դարձնում ավելի տեսողական և հետաքրքիր: Այստեղ գլխավոր պայմանը ուսուցչի պատրաստակամությունն է՝ տիրապետելու նոր մոտեցումներին և մեթոդական, տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցությունը:

«Այս տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել մեր աշխատանքին՝ դասավանդմանը, եթե դրանք համատեղ առաջ  քայլեն մանկավարժական զարգացման հետ: Մենք Եվրամիության և ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում աշխատում ենք նպաստել դպրոցներում մանկավարժական այդ նոր մեթոդների, ինչպես նաև առաջնորդության և թվային հմտությունների զարգացմանը»։

Համաժողովի վերջում ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրեց մենթոր դպրոցների ուսուցիչներին։

Leave a Comment