Լենուղի գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ է կառուցվում

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մոդուլային մանկապարտեզի շահագործմանը շատերն են սպասում: Գյուղի հին մանկապարտեզը փակվել էր ավելի քան 30 տարի առաջ: Անուշադրության մատնված շենքը տարիներ առաջ ամբողջությամբ հրդեհվել էր: Գյուղի երեխաները Սարդարապատի, Արևադաշտի և հարևան այլ բնակավայրերի մանկապարտեզներ են հաճախում: Այժմ Լենուղիում 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզ է կառուցվում։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել արդեն այս տարի:

Լենուղի գյուղի բնակիչները դժվարանում են հիշել, թե վերջին անգամ իրենց երեխաները ե՞րբ են սեփական գյուղում մանկապարտեզ գնացել։ Միայն հիշում են, որ վաղուց ի վեր փակված մանկապարտեզի շենքը տարիներ առաջ հրդեհվել էր։

«Սկզբից սովխոզում մանկապարտեզ ունեցել ենք, հետո հրդեհեցին, թե ի՞նչ եղավ, վերացավ մանկապարտեզը»:

«Մեր երեխեքը հաճախել են այնտեղ, մինչև հրդեհն արդեն վերացած էր: Լուծարվեց, թե ի՞նչ եղավ, դուռը փակված էր ու մի օր էլ հրդեհվեց: Երևի չոր շենք էր, ինքն իրեն բռնկվեց, թե ինչից՝ չգիտենք: Հիմա միայն պատերն են մնացել»:

Մանկապարտեզի փակվելուց հետո գյուղի երեխաները դպրոց են գնացել առանց նախնական կրթություն ստանալու: Լենուղու վարչական ղեկավար Վաղուշ Մուրադյանն այդ մանկապարտեզի վերջին սաներից է եղել:

 «30 տարուց ավելի մեր մանկապարտեզը չի գործում, և մանկապարտեզ չենք ունեցել: 15 տարի առաջ հրդեհ է տեղի ունեցել, լրիվ վառվել է: Ներսում այդքան էլ գույք չի եղել, ու հիմա միայն պատերն են մնացել կանգնած: Ես 2 օր եմ մանկապարտեզ գնացել ու փակվել է»:

Վաղուշ Մուրադյանն ասում է, որ մանկապարտեզի խնդիրը շուտով կլուծվի, քանի որ Լենուղիում հիմա 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզ է կառուցվում: Շինարարությունը երկու տարի առաջ է սկսվել։ Գյուղացիներն սպասում են շինարարության ավարտին:

«Գետաշեն գյուղի մանկապարտեզի կառուցումն արդեն ավարտվում է, իսկ այստեղ դեռ չէ: Երևի երկու տարի էլ կտևի»:

Մոդուլային մանկապարտեզների կառուցման պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, իսկ ֆինանսավորողը՝ կառավարությունը: Այսօրինակ մանկապարտեզներ լինելու են Արմավիրի մարզի հինգ գյուղերում՝ Գետաշենում, Նորավանում, Փշատավանում, Լենուղինում ու Այգեվանում:

Փշատավանում և Այգեվանում դրանք արդեն կառուցվել են, իսկ մյուս երեք գյուղերում շինարարությունը ընթացքի մեջ է: Լենուղի գյուղի մոդուլային մանկապարտեզ նախատեսվում է շահագործել արդեն այս տարի:

 «Լավ սարքում են, դրսից երևում է, որ լավ է՝ տանիքը, ամեն ինչը: Հիմա կառուցվող մանկապարտեզների տիպի են սարքում: Գոնե մեր երեխաները մի 5 ժամ կգնան, էս շոգերին չեն մնա արևի տակ, կքնեն, կհանգստանան, ծնողն էլ հանգիստ կգնա դաշտ»:

Մանկապարտեզը մեծ նշանակություն ունի երեխայի զարգացման ու դաստիարակության գործում: Մինչև նոր մանկապարտեզի շահագործումը, ծնողներն այլ տարբերակներ են գտել երեխաների նախնական կրթության համար:

«Գյուղից տանում են Արևադաշտ, Սարդարապատ, ում՝ ինչպես հարմար է, ըստ աշխատանքի վայրի: Մարդիկ տաքսի են վերցնում և երեխաներին հասցնում են Արևադաշտի մանկապարտեզ»:

«Մեր երեխաներն այնտեղ են գնացել, շատ շնորհքով, լավ էլ տեր են կանգնում: Ամեն ինչը հարմարավետ է, կրթությունն էլ՝ անվճար»:

Զրուցակցիս երկվորյակ թոռները 3 տարի են հաճախել Արևադաշտի մանկապարտեզ, որը բավականին հեռու է: Նա հույս ունի մյուս երկվորյակներն արդեն իրենց գյուղի մանկապարտեզը կհաճախեն, թեև արդեն հերթագրել են Արաքս գյուղի նախակրթական հաստատությունում: Նրանք դեռ 2.5 տարեկան են:

«Իմ հարսը զույգ-զույգ է երեխաներ ունենում: Առաջին զույգը երկու աղջիկներ են, 2-րդ դասարանում են, իսկ մյուս զույգը՝ մի տղա, մի աղջիկ է: Իրենց հերթագրել ենք Արաքս գյուղի մանկապարտեզում, որ այնտեղ գնան: Ասել են՝ սեպտեմբերից են ընդունելու»:

Լենուղիի վարչական ղեկավար Վաղուշ Մուրադյանը հավաստիացնում է՝ գյուղում աճող ընտանիքներ շատ կան, միայն անցյալ տարի 32 երեխա է ծնվել: Իսկ մանկապարտեզահասակ երեխաների թիվը կհստակեցնեն նախակրթական հաստատությունը շահագործման հանձնելուց հետո:

Leave a Comment