Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված hայհnյախառն ու վիրավորական գրառումների համար վարույթ չի նախաձեռնվել. իրավապահ մարմինների և ՄԻՊ-ի արձագանքը․ Tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորական գրառումների համար քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Ի պատասխան Tert.am-ի հարցին, թե արդյոք վարույթ նախաձեռնվելու է դատախազությունից պարզապես ասացին. «չենք մեկնաբանում»:

Դիտարկմանը՝ եթե ընդդիմադիր որևէ գործիչ նման բան արած լիներ, արդեն իսկ քայլեր ձեռնարկված կլիներ, դատախազությունից ասացին. «Կարող եք գրավոր դիմել, պաշտոնապես պատասխանենք»:

ՆԳՆ-ից ևս Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին՝ մեկնաբանություն չունեն:

Tert.am-ը քննչական կոմտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետի գրառումների վերաբերյալ որևէ իրավապահ մարմին կամ որևէ անհատ անձ դիմել է ՔԿ:

«Նման դիմում չունենք»,- պատասխանեց Ավդալյանը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակից էլ Tert.am-ի հարցմանն ի պատասխան արձագանքեցին. «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու, ինչպես նաև դրանց ենթադրյալ խախտումների առնչությամբ քննություն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ օրենսդրության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է: Վերոնշյալի հաշվառմամբ՝ խնդրում ենք հարցն ուղղել իրավասու մարմնին»:

Նշենք, որ նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ընդդիմադիրների հասցեին արված վիրավորական արտահայտությունների վերաբերյալ նշել էր, որ ինքն իրավասու չէ:

«Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, հետևաբար, այս մասով իրականում անիմաստ է հիմա քննարկում ծավալելը: Նաև այսպես ասեմ, էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները, իմ լիազորություններն այս առումով սահմանափակված են, ի տարբերություն ինձ, նման ոլորտում լիազորություն ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետևաբար կարծում եմ այս հարցը կարող եք իրենց ուղղել»,- ասել էր ՄԻՊ-ը:

Tert.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, սակայն մեր զանգերն անպատասխան են մնացել:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եկեղեցիները չուլանացվել են, ինչին արձագանքել էին մի շարք հոգևորականներ: Այսօր վաղ առավոտից վարչապետը վիրավորական արտահայտություններով ու հայհոյախառն գրառումներով էր պատասխանել հոգևորականներին:

Leave a Comment