«Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Ուրարտուի» հետ հանդիպումից հետո անդրադարձել է նաև չարենցավանյան թիմի ավագ, կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի՝ Հայաստանի հավաքական չհրավիրվելուն։
«Այս հարցը ամեն հավաքից առաջ հնչում է։ Այս հարցը պետք է տալ հավաքականի մարզչին։ Կարենն առաջնության լավագույն հայ ֆուտբոլիստն է վիճակագրությամբ։ Այսօր էլ նա լավագույններից մեկն էր խաղադաշտում։ Նա շատ լավ մարզավիճակում է։ Կարենը «Վանի» ավագն է, իսկ «Վանն» առաջատարներից մեկն է։ Վերջիվերջո մենք անընդհատ բողոքում ենք, որ ակումբները հայ ֆուտբոլիստներ չեն պատրաստում, բայց ակումբները նման հայ ֆուտբոլիստներ են պատրաստում, իսկ օտարազգի մարզիչները, երբ պետք է հրավերն ուղարկեն, որ հոգեբանորեն ավելի բարձրացնեն ֆուտբոլիստի հոգեվիճակը, չեմ կարող ասել՝ ինչու որոշում են կայացնում, որ չհրավիրեն։ Ինձ համար էլ էր ակնհայտ, որ Կարենը պետք է լիներ հայտացուցակում։ Ինչևիցե, հավաքականի գլխավոր մարզիչն է որոշում։ Ես պարզապես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես շեշտում եմ, որ այո՛, Կարենը պետք է լիներ հայտացուցակում՝ իմ սուբյեկտիվ կարծիքով։
Եթե ասեմ, որ, եթե ես լինեի հավաքականի մարզիչ, կկանչեի Կարենին, կմտածեն, որ ուզում եմ հավաքականի մարզիչ լինեմ, բայց «Վանի» ամեն ինչն ինձ բավարարում է։ Աստված տա, որ հետագայում հրավիրվի, որովհետև նման ֆուտբոլիստները մեզ պետք են։ Ամեն ֆուտբոլիստ հոգեբանորեն նման կամք չէր դրսևորի։ Ընդամեն երեկ հայտացուցակը հրապարկվել է, բոլորն իրեն սպասում էին, ինքը կարող էր այսօր տրամադրության անկում ունենալ, բայց հերթական անգամ ապացուցեց, որ արժանի է, ուղղակի չգիտեմ ինչքան պետք է ապացուցի ու ինչ ձև»,- նշել է Վահե Գևորգյանը։