Այսօր հայ ժողովուրդը նշում է Հանրապետության օրը – Live News

Հայ ժողովուրդը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 107-ամյակը՝ Հանրապետության օրը:

1918-ին այս օրը վերականգնվեց ինը դար առաջ կորցրած հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ ոչ միայն փրկելով Հայաստանը ոչնչացումից, այլև կասեցնելով թուրքերի առաջխաղացումը դեպի Անդրկովկաս։

Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները.  ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:

Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստան մտավ բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակը:

1992թ.-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես Հանրապետության օր:

1968-1978 թվականներին Սարդարապատում ճիշտ ճակատամարտի վայրում կառուցվեց հուշահամալիր։ Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը:

Leave a Comment