Խոնավությունից պտուղը փչանում է, այգեգործներն էլ միջոցներ չեն խնայում բերքը վերականգնելու համար

Արմավիրի մարզի Լենուղի գյուղը պտղաբուծական տնտեսություն է: Այստեղ հիմնականում մշակում են կորիզավոր պտուղներ՝ դեդձ, ծիրան, սալոր ու կեռաս: Գարնան առատ տեղումները այգիներում հիվանդությունների պատճառ են դարձել: Այգեգործները բերքը պահպանելու համար կրկնակի ջանք են գործադրում: Վերջին տարիներին նրանց մտահոգությունը նաև բերքի արտահանումն  է:

Լենուղի գյուղի բնակիչները ոռոգման ջրից չեն բողոքում, բայց դժգոհ են խոնավ եղանակից, որն այս տարի բերքի վնասման հիմնական պատճառն է դարձել: Գարնանային անկայուն եղանակը. շարունակական տեղումները, քամին ու ցուրտն ազդել են պտղատու այգիների վրա: Անձրևների դադարից հետո գյուղացիներն այգիներից տուն չեն գնում, հետևում ու խնամում են ծառերը:

«Լավ տաք եղանակ արեց, ծառերը ծաղկեցին, անձրևներ սկսվեցին, մի 5 օր էլ ցրտահարություն եղավ: Մի հեկտար հողի համար մենք մոտ 250 հազար դրամի բուժանյութ ենք վերցրել: Սրսկում ենք, հետևից անձրևը գալիս է, ծառերը հիվանդացել են, լվիճոտել, կարմրուկով վարակվել: Առավոտ գնացել ենք կարմրուկի համար սրսկումներ արել ու տուն եկել: Հիվանդությունները խեղդում են ծառին, հիմա չեմ կարող ասել, թե ինչ կլինի, ինչ չի լինի»:

Զրուցակիցս կես հեկտար դեղձի, կես հեկտար ծիրանի այգի ունի: Բարձր խոնավության ու ցրտահարության հետևանքով այգիներում գլուխ են բարձրացրել մի քանի հիվանդություններ, որոնք ազդել են բերքատվության ու պտղի ապրանքային տեսքի վրա:

«Վարակն ընկել է այգիներում ու զարգանում է, չգիտենք, թե վաղն ինչ կլինի: Դեղձի ծառերը գրեթե ամբողջությամբ վարակվել են՝ կaրմրուկոտ է. տերևները կծկվում են, լվիճը միջից դուրս է գալիս, բերքն էլ անորակ է դառնում, ծառն էլ չորանում»:        

«Ծիրան ենք մշակում, բայց էս անձրևն եկավ, դեղձը, ծիրանը, ժողովրդի բերքը լրիվ փչացրեց: Երեք-չորս անգամ սրսկեցի, բայց նորից չեչոտեց, լրիվ թափվեց, լվիճոտվեց: Չգիտենք հետո ինչքան կմնա, ինչքան չի մնա»:  

Հիվանդության զարգացումը կանխելու համար գյուղացիները բազմակի բուժումներ են անում, ինչը կրկնակի ծախսեր է պահանջում:

«Խոնավության պատճառով վատ վիճակ է տիրում այգիներում, հիվանդ են: Արդյո՞ք կվերականգնվի, օրը մի տեսակի հիվանդություն է առաջ գալիս: Դեղը (թունաքիմիկատը) սարքում են, վաճառողներն էլ բերում են, դու չգիտես դա արդյո՞ք իր նպատակին կծառայի: Բերում, բուժում ես, չի օգնում: Լավագույն դեպքում, եթե օգնի՝ տարվա բերքն ես կորցնում: Մեծ ներդրումներ ես արել»:

Գյուղացիներն այգեգործական հմտությունները ձեռք են բերել տարիների ընթացքում:  Ամեն ինչ անում են լավ բերք ունենալու համար, որպեսզի կարողանան այն բարձր գնով իրացնել: Հիմնական խնդիրը սա է: Ասում են՝ վերջին տարիներին դեղձը գրեթե չի արտահանվում, իսկ անցած տարի շուկայում լճացում էր:

«Հիմա մեզ մնում է մի հարց, որ կարողանանք արտահանենք մեր բերքը: Անցած տարի շատ վատ էր, մանավանդ դեղձի առումով: Արտահանում չի եղել, իսկ շուկայում դեղձը «ոտքի հետ էր գնում»: Մենք դեղձի բոլոր տեսակներն էլ ունենք, բայց արտահանման խնդիր ունենք»:

Սովորաբար արտահանվող բերքն ավելի թանկ է վաճառվում ու կարճ ժամանակում իրացվում: Մյուս դեպքում գյուղացիներն իրենք են գտնում վաճառքի ճանապարհները, վաճառում են մեծածախ շուկայում կամ հանձնում վերամշակողներին: Վերջին տարիներին պտղաբուծական գրեթե բոլոր տնտեսություններում զբաղվում են չրագործությամբ:

«Ոնց պատահի իրացնում ենք. չրանոց ենք տանում, շուկա, գնորդ եղավ՝ դաշտի մեջ ծախում ենք»: «Մենք մեքենա չունենք, որ տանենք ծախենք, առնողն էլ գալիս է, էժան տալիս ենք, գնում են: Հազիվ հողի վարձն ենք տալիս, ջրի վարձը, շուկայի փողը, տաքսու փողը: Հովտաշատ գյուղի (Մեյմանդարի) շուկայում ենք վաճառում, Էջմիածնի ճանապարհի շուկայում»:

Հասած, ծառի տակ թափված ու ապրանքային տեսք չունեցող մնացած բերքն էլ մեկ կիլոգրամը 40-60 դրամով իրացնում են մարզի պահածոների գործարաններում:       

Leave a Comment