
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), հիմնադրումից մեկ տարի անց էլ շարունակում է «տնավորված մնալ» Արաքսի Սիմիդյանի առանձնատանը, որն ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարն է, ինչպես նաև քարտուղարը: Այս մասին գրում է «Հետքը»:
2024 թ. «Հետքն» անդրադարձել էր First Channel America-ի հիմնադրմանն ու գործունեությանը: Գրել էինք, որ նախորդ տարվա մարտին պետական գրանցում ստացած այս ընկերությունն ի սկզբանե գրանցվել է Ա. Սիմիդյանի տանը՝ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ թաղամասում (հասցեն՝ 8241 Babcock Avenue, North Hollywood, տես ստորև):
Ա. Սիմիդյանը կլինիկական հոգեբան է և մինչև Հանրայինի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար դառնալը որևէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ: Փոխարենը նա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրն է: Ավելին՝ Սիմիդյանները բավականին մոտ հարաբերություններ ունեն վարչապետ Փաշինյանի ընտանիքի հետ:
Նախարար Սիմիդյանի քույրը 2009 թվականից ԱՄՆ քաղաքացի է:
Մինչև վերջերս նրա տան հասցեում էր գրանցված նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Արաքսի Սիմիդյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաև ամերիկյան մասնաճյուղի (My Step Foundation Inc.) ֆինանսական ղեկավարն ու քարտուղարը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: