Ծառայողական քննություններ ու առևերույթ հանցանքի մասին հաղորդագություններ․ ՊԵԿ նախագահն ամփոփել է վեցամսյա պաշտոնավարման արդյունքը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վեցամսյա պաշտոնավարման արդյունքն է ամփոփել։ Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը, հարկային նոր փոփոխություններին, համակարգային կոռուպցիային։ «Պաշտոնավարման առաջին օրից գերխնդիր է եղել անողոք պայքարել համակարգային կոռուպցիայի դեմ», — հայտարարել է Էդուարդ Հակոբյանը և նշել, որ այս ընթացքում տասնյակ ծառայողական քննություններ են անցկացրել, աշխատանքից ազատել են անբարեվարք ծառայողների։

Մայիսի 22-ի դրությամբ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 57 հազար 736 ֆիզիկական անձ։ Նրանցից 23 հազար 175-ը 2 մլրդ 80 մլն դրամի սոցիալական կրեդիտ են ստացել։ ՊԵԿ Նախագահ Էդուարդ Հակոբյանն ասում է, որ վերջին շաբաթներին մարդիկ ավելի շահագրգռված են հայտարարգրեր լրացնելու հարցում․

«Իրականում, բավական հետաքրքիր դինամիկա կա , ու մարդիկ աստիճանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը, նաև շահագրգռված են, որպեսզի էդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաև էդ սոցիալական կրեդիտներից օգտվեն և իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն»։

Մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չլրացնելը կհանգեցնի՞ քրեական հետապնդման․ այս հարցին ՊԵԿ նախագահը դժվարանում է պատասխանել։ Ասում է, որ հարցի ուղիղ հասցեատերն ինքը չէ, բայց ՊԵԿ-ում բազմիցս քննարկել են դա, և իրենց մասնագետները կարծում են, որ քրեական պատասխանատվություն չի ենթադրի հայտարարագիր չլրացնելը․

«Մեր մասնագետների դիտարկմամբ, նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ՝ վերջնական պատասխանը ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ էդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ, չի առաջացնի»։

Էդուարդ Հակոբյանը կարծում է, որ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պարտադիր հայտարարագրման արդեն մեկ անգամ երկարաձգված վերջնաժամկետը կրկին հետաձգելու կարիք չի լինի։ Ասում է, որ հայտարարագրման ամենաժամանակատար քայլերից մեկը ID քարտերի թողարկումն է, ինչը վերապահված է ՆԳՆ-ին։

Հակոբյանի խոսքով՝ նախարարության՝ վերջերս ձեռք բերված նոր սարքերի միջոցով այդ գործընթացն էականորեն արագացել է․ «Մենք էդ ռիսկերը կառավարել ենք, եթե նկատել եք, արդեն ժամկետների փոփոխությունը և այն նշումը, որ եթե, օրինակ, մարդիկ չունենան ID քարտեր, հնարավորություն կունենան ստանալուց հետո դա լրացնել։ Էդ հնարավորությունը արդեն իրենց օրենքով տրված է, և հետեւաբար, անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։

ՊԵԿ նախագահը խմբագրում է լրագրողներից մեկի «հարկային բեռ» արտահայտությունը։ Ասում է՝ «բեռ» բառը չի արտացոլում կառավարության հարկային քաղաքականությունը և առաջարկում է օգտագործել «ներդրում» բառը․

«Ժողովուրդ, դա բեռ չի, դա ներդրում է։ Այսինքն, երբ մենք որոշում ենք մեր պետության զարգացման համար, որը մեզնից դուրս չէ, էդ ներդրումը իրականացնելը, հետևաբար, հարկը բեռ չի, հարկը մեր եկամտի մի մասն է, որը մենք հատկացնում ենք մեզ բոլորին երջանիկ դարձնելու համար»։

ՓՄՁ-ները պարբերաբար բողոքում են տարեսկզբից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից։ Հատկապես սուր են արձագանքում փաստաթղթավորման պարտադիր պահանջին ու շրջանառության հարկից ԱԱՀ դաշտ տեղափոխվելու որոշմանը։ ՊԵԿ նախագահի դիտարկմամբ՝ դժգոհության պատճառն այն է, որ նրանցից շատերը գործում են ստվերում ու թաքցնելու բան ունեն։

«Պարզվում է՝ մարդիկ թաքցնելու շատ բան ունեն, այսինքն, իրենց մեջ շատ քիչ են կամավորները, ովքեր ուզում են էդ գույքագրումը իրականացնեն, որովհետև ժամանակին տարբեր ճանապարհներով են ենթադրաբար ձեռք բերել էն ապրանքները, որոնք պետք է իրացնեն։ Հիմա այստեղ երկկողմանի աշխատանքի կարիք կա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ օգնենք, ձևաչափերը մշակել ենք, գրել ենք, մանրամասն բոլորի էջերին ծանուցումները ուղարկել ենք, անհատական աշխատանքներ ենք փորձում տանել, բողոքներին պատասխանել։ Բայց, երբ նայում ենք, օրինակ, ասենք՝ մեր ՓՄՁ ոլորտի հարկ վճարողներին, իրենք պատրաստակամ չեն փոխվել, ստվերից դուրս գալ կամ չթաքցնել պետությունից»։

Ստվերային եկամուտների ծավալները, մասնագետների գնահատմամբ, նվազել են, 35 տոկոսից հասնելով 20-ի՝ ասում է Էդուրադ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման առաջին օրից կարևորել է հատկապես համակարգային  կոռուպցիայի դեմ պայքարը։

Պաշտոնավարման 6 ամիսներին կոմիտեում 16 ծառայողական քննություն է իրականացվել, 9 առևերույթ հանցանքի մասին հաղորդագրություն են ներկայացրել իրավասու մարմնին․

«9 առերևույթ հանցանքի մասին արդեն հաղորդումներ ենք կազմել, դրանց մասով քրեական վարույթներ կան։ Բացի այդ, 16 ծառայողական քննություն ենք իրականացրել, որոնց մեջ խիստ նկատողություն 6 աշխատակցի, նկատողություն 9 աշխատակցի, նախազգուշացում մեկ աշխատակցի, նաև նույնիսկ ազատում ունենք աշխատակիցների»։

ՊԵԿ-ից հեռանում են այն աշխատակիցները, որոնք բարեվարք չեն, ասում է Հակոբյանը։ Կոմիտեն վերջերս հուշագիր է կնքել Ամերիկյան համալսարանի հետ, որի շրջանակում մարդկային ռեսուրսների բարելավման աշխատանքներ են իրականացնելու․

«Մենք՝ ինքներս, մեր աշխատակիցներին ենք վերափոխում այն տեսանկյունից, որ մոտ մոտ 400 աշխատակից պատրաստման գործընթացով է անցել, որի ընթացքում մենք բարեվարքության պատրաստումներ էլ ենք իրականացնում, մասնագիտական պատրաստումներ ենք իրականացնում։ Ավելին ասեմ՝ նաև ֆիլտրում ենք, և որոշ մարդիկ դուրս են մնում համակարգից, եթե ունեն բարեվարքության խնդիրներ»։

Բարեփոխումները չեն շրջանցել նաև մաքսային ոլորտը, վստահեցնում է ՊԵԿ նախագահը։ Տարեսկզբին գործարկվել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը, ինչի արդյունքում գործնականում բացառվել է մաքսային մարմին ֆիզիկապես այցելելու և պաշտոնատար անձանց հետ անմիջական շփման անհրաժեշտությունը։ Հակոբյանի խոսքով՝ առաջիկայում GIZ-ի միջազգային գործընկերների հետ նոր հարթակ կթողարկեն, որտեղ կներդրվեն մաքսային գործունեության մասին բոլոր կարգավորումները և արտաքին տնտեսական գործունեության մասին տեղեկատվությունը։

Leave a Comment