Ո՞ր կողմն է որոշել Լավրովի այցի արարողակարգը՝ Երեւա՞նը, թե՞ Մոսկվան․ քաղաքագետ – HayqNews

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցի բովանդակային ասպեկտներին անդրադառնալու առիթներ գուցե կլինեն: Մեծ հաշվով, չի հնչել բովանդակություն, որը շոշափված չէ նախկինում, հետեւաբար կարծես թե չկա հրատապ անդրադարձի անհրաժեշտություն: Գոնե այս պահի դրությամբ:

Այցի առումով ուշադրության արժանացավ մի հանգանք, որը նկատել էի դեռ մինչեւ Երեւան այցը: Երբ ռուսական կողմը տարածեց տեղեկություն, որ Լավրովը Երեւան է այցելում աշխատանքային այցով, ուշադրության գրավեց այն, որ այցի ներկայացված ծրագիրը ավելի «բնորոշ» էր պաշտոնական այցի:

Մասնավորապես, Սերգեյ Լավևովը հանդիպում է թե ԱԳ նախարարի հետ, թե վարչապետի, թե հանրապետության նախագահի: Ավելին, որպես կանոն, պաշտոնական այցերի ծրագրում ներառվում է նաեւ մեկ այլ այսպես ասած ոչ պաշտոնական միջոցառում: Լավրովի պարագայում դա հայ-ռուսական համալսարանում հանդիպումն էր:

Ինձ մոտ հարց առաջացավ, թե այդ դեպքում ինչու՞ աշխատանքային, այլ ոչ թե պաշտոնական այց, երբ այցի ծրագիրը առավել բնորոշ էր հենց պաշտոնական ձեւաչափին:

«Պատասխանը» ստացվեց առավոտյան, երբ ՌԴ ԱԳ նախարարը այցելել էր Հաղթանակի զբոսայգի եւ ծաղկեպսակ դրել Հայրենական պատերազմի հուշահամալիրում:

Հարցն այն է, որ Հայաստան պաշտոնական այցերի ձեւաչափը ենթադրում է արարողակարգային այց Ծիծեռնակաբերդ: Եթե աշխատանքային ձեւաչափ է, ապա արարողակարգային այդ կետը բնականաբար դուրս է գալիս: Հետեւաբար հարց է առաջանում, արդյո՞ք այցի ձեւաչափի ընտրությունը կարող էր պայմանավորված լինել արարողակարգային այդ կետից խուսափելու հանգամանքով: Եվ ո՞ր կողմը կարող էր լինել «հիմնական» խուսափողը, Երեւա՞նը, թե՞ Մոսկվան: Թեեւ, անկասկած է, որ ի վերջո կողմերը եկել են փոխհամաձայնության:

Ի դեպ, ավելորդ չէ գուցե հիշել, որ մայիսի 25-ին Մոսկվա է այցելելու Թուրքիայի ԱԳ նախարարը:

Leave a Comment