Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց այսօր դարձյալ բողոքի ակցիա է կազմակերպվել։ Մասնակիցները կոնյակ և գինի արտադրող ու բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն են։ Նրանք դեսպանի հետ հանդիպում են պահանջել ու պարզաբանում, թե ինչու է Վրաստանի տարածքով Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակը Վրաստանի մաքսային անցակետերում շաբաթներով կանգնած մնում։ Վրացական կողմից արտահանողներին որևէ պատասխան չեն տվել։
Հայ կոնյակագործները նորից Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց են՝ ներկայացնելու իրենց դժգոհությունները վրացական մաքսատանն առաջացած խնդիրներից։ Դեսպանի հետ հանդիպման պահանջով հավաքվածներից երկուսին ընդունեց հյուպատոսը։ Մի քանի րոպե տևած հանդիպման արդյուքներից կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները գոհ չէին։
«Ուրախանալու ոչինչ չկա։ Կոնսուլն ասաց՝ դատի տվեք վրացի մաքսավորներին»:
Վրացական կողմը, ըստ էության, մինչև այսօր պաշտոնական պատասխան չի ներկայացրել, թե որն է մաքսատանն առաջացած խնդիրների պատճառը, ինչու են հայկական կոնյակով բեռնված մեքենաները երկարատև ստուգումների ենթարկվում։ «Ռադիոլուր»-ն ավելի վաղ հարցում էր ուղարկել Վրաստանում Հայաստանի դեսպանատուն ու հետաքրքրվել՝ արդյոք տարանցիկ բեռների ստուգման նոր կարգ է սահմանվել։
Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն ասել էր, որ իրազեկված են հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին և մշտական կապի մեջ են Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։ Աշխատում են խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ։
Խնդիրներից տեղյակ են նաև Հայաստանում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս նշել էր, որ իրենց համար էլ է անհասկանալի, թե ինչու է վրացական կողմը շաբաթներով կանգնեցնում հայկական մեքենաները:
«Անկեղծ պիտի լինեմ․ պատճառները մեզ համար անհասկանալի են, և փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել»։
Նախարարը հայտնել էր, որ առաջիկա օրերին անձամբ է այցելելու Վրաստան՝ խնդիրը տեղում հասկանալու և լուծումներ գտնելու: Մինչ պատկան մարմինները փորձում են ճշտել պատճառները, հայ կոնյակագործներն ու գինեգործները շարունակում են բողոքի ակցիաները։ Նրանք այսօր Վրաստանի դեսպանատան առջև էին «Հայկական արտադրանքը վտանգված է», «Մի՛ խաթարեք հայ-վրացական հարաբերությունները» պաստառներով։ Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանն ասում է՝ պահանջը նույնն է։
«Մենք նորից հավաքվել ենք նույն պահանջով, որ մեր բոլոր մեքենաները բաց թողնեն։ Ոչ թե պահանջում ենք պարզաբանում, այլ որ բոլոր մեքենաներն առանց նախապայմանների բաց թողնեն։ 40 օր է՝ մեքենաները կանգնած են։ Եվ չունենք ոչ մի պատասխան։ Եթե նույնիսկ արվել են նմուշառումներ, մենք այդ պատասխանները չենք ստացել»։


Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ 500 աշխատակից աշխատանքը կորցնելու վտանգի առջև է՝ ասում է Գայանեն։ Այս պահին Լարսի անցակետում միայն այս գործարանից 14 մեքենա է սպասում։ Արտահանողներին վրացական կողմի տված միակ պատասխանն այն է, որ բոլոր գործողությունները կատարվում են օրենքի սահմաններում։
«Չենք մոռանում, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, և եթե իրենք իրավունք ունեն ստուգելու, թող ստուգեն թղթաբանությունը, որակը։ Եթե արվում է օրենքի շրջանակում, ապա դա պետք է լիներ բոլորի դեպքում, ոչ թե մի քանի գործարանի։ Ապրանքները նախատեսված են Ռուսաստանի և Բելառուսի համար․ իրենց ինչին է պետք որակը ստուգել։ Հստակ կան գործարաններ, որոնց մեքենաներն անցնում են»։
Հայ արտադրողներն ասում են, որ առաջ նման խնդիրներ չեն ունեցել։ Մեկ այլ հանգամանք էլ են նշում․ ինչո՞ւ է հայկական ալկոհոլային խմիչքն այսպիսի մանրակրկիտ ստուգումների ենթարկվում, եթե այն վրացական շուկա չի մտնում, այլ այս երկրի տարածքով ՌԴ ու մերձբալթյան երկրներ է արտահանվում։ «Արարատ» գինու գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանն իր վարկածն ունի։
«Ըստ խոսակցությունների՝ այս ամենը կապված է կոնյակի վրացական սպիրտի արտահանման հետ։ Այս ոլորտում վրացական որոշ ընկերություններ ակտիվ են, իրար հետ խնդիրներ ունեն և ուզում են այսօր հայկական բրենդի անվան տակ իրենց ապրանքն ուղարկել»։
Գոհացնող պատասխաններ չստանալով՝ ակցիայի մասնակիցներն այսօր մի քանի րոպեով փակեցին Ծարավ աղբյուրի փողոցը, ապա երթով շարժվեցին կառավարություն։ Կարծում են՝ գործադիրը պետք է խնդրին լուծում տա։