«Ոսկե գմբեթ»-ը` ԱՄՆ-ի լիարժեք անվտանգության երաշխավոր․ Թրամփը հրթիռային պաշտպանության նոր համակարգ է ստեղծում

Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների համար հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ ստեղծելու մասին։ «Ոսկե գմբեթ» կոչվող ծրագրերի ընդհանուր արժեքը 175 միլիարդ դոլար է։ Սպիտակ տանը մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը նոր համակարգն անվանել է «հրթիռային վահան»։

Հրթիռային պաշտպանության նոր համակարգ տիեզերքում․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է այն ստեղծել երեք տարում։

Ծրագրի արժեքը կկազմի 175 միլիարդ դոլար։ Թրամփը լրագրողների ներկայությամբ հայտարարել է, որ ավարտին կհասցնի այն աշխատանքը, որը նախագահ Ռեյգանը սկսել էր 40 տարի առաջ։

«Շատ շնորհակալ եմ, որ գտնվում եք այստեղ՝ Օվալաձև աշխատասենյակում, աշխարհի մեծագույն վայրերից մեկում, երբ մենք պատմական հայտարարություն ենք անում «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության վահանի մասին: Դա այն է, ինչ մենք ուզում ենք, և Ռոնալդ Ռեյգանը դա ուզում էր շատ տարիներ առաջ, բայց նրանք չունեին տեխնոլոգիա: Բայց դա այն է, ինչ մենք ունենալու ենք: Մենք այն ունենալու ենք ամենաբարձր մակարդակով»:

Թրամփի խոսքով՝ նոր համակարգը կկարողանա խոցել հիպերձայնային, բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Այն կտեղակայվի ցամաքում, ծովում և տիեզերքում։ Ռադարներից ու որսացող սարքերից մի քանիսը կտեղադրվեն տիեզերքում,-պարզաբանել է Թրամփը։

«Նախընտրական արշավի ժամանակ ես խոստացա ամերիկյան ժողովրդին, որ կկառուցեմ նորարարական հակահրթիռային պաշտպանության վահան մեր հայրենիքը պաշտպանելու համար օտարերկրյա հրթիռային հարձակման սպառնալիքից:

Այսօր ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք նոր սերնդի տեխնոլոգիաներ կտեղակայենք ցամաքում, ծովում և տիեզերքում: Կանադայի իշխանությունները զանգահարել են մեզ․ նրանք ցանկանում են լինել դրա մի մասը, նրանք նույնպես ցանկանում են պաշտպանություն ունենալ: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք օգնելու Կանադային: Երբ ծրագիրը լիովին ավարտենք, «Ոսկե գմբեթ»-ը կկարողանա որսալ հրթիռներ, նույնիսկ եթե դրանք արձակվեն տիեզերքից։ Եվ մենք կունենանք երբևէ կառուցված լավագույն համակարգը։ Ինչպես գիտեք, մենք օգնեցինք Իսրայելին իրենց համակարգը ստեղծելուն, և դա շատ հաջող էր, և հիմա ունենք տեխնոլոգիա, որը նույնիսկ շատ ավելի ժամանակակից է»։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, այնուհետև, որոշ պարզաբանումներ է տվել նոր համակարգի մասին․

«Ի վերջո, սա՝ Ամերիկայի «Ոսկե գմբեթ»-ը, խաղի կանոնները կփոխի: Սա Ամերիկայի և ամերիկացիների անվտանգության համար սերունդների ներդրում է: Պարոն նախագահ, Դուք ասացիք, որ մենք պաշտպանելու ենք մեր հարավային սահմանը և ստանալու ենք 100 տոկոս օպերատիվ վերահսկողություն։ Նախագահ Ռեյգանը քառասուն տարի առաջ տվեց այս համակարգի ներդրման գաղափարը, սակայն անհրաժեշտ տեխնոլոգիաների  բացակայությունը այն ժամանակ հնարավորություն չտվեց շարունակելու գործը։ Հիմա այն կա, և դուք վստահեցնում եք, որ մենք կպաշտպանենք հայրենիքը թևավոր հրթիռներից, բալիստիկ հրթիռներից, հիպերձայնային հրթիռներից, անօդաչու սարքերից, անկախ նրանից՝ դրանք սովորական են, թե միջուկային»:

Դոնալդ Թրամփը նշել է, որ համակարգը պետք է գործարկվի իր նախագահական ժամկետի ավարտին, որը կլինի մոտ երեք տարի հետո։ «Ոսկե գմբեթ» ծրագրի ղեկավար է նշանակվել ԱՄՆ տիեզերական ուժերի փոխհրամանատար, գեներալ Մայքլ Գեթլեյնը։

Թրամփը, հիշատակելով Իսրայելի հրթիռային պաշտպանության համակարգի մասին, ասել է, որ այն նմանատիպ անվանում ունի՝ «Երկաթե գմբեթ», սակայն, ըստ նրա, ամերիկյան «Ոսկե գմբեթը» շատ ավելի նորարարական կլինի։ Սպիտակ տան ղեկավարը չի նշել կոնկրետ երկիր, որը կարող է հրթիռային սպառնալիք դառնալ Միացյալ Նահանգների համար։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ «Ոսկե գմբեթ»-ը կկարողանա որսալ ամեն տեսակի հրթիռ, նույնիսկ եթե այն արձակվի աշխարհի մեկ այլ ծայրից կամ տիեզերքից։

Միջազգային մամուլը, անդրադառնալով «Ոսկե գմբեթ»-ին, գրում է՝ արդյո՞ք Թրամփը վերադառնում է Ռեյգանի, այսպես կոչված, «Աստղային պատերազմներին»։

Ժամանակին Ռեյգանն ասել էր, որ անհրաժեշտ է հակազդել «խորհրդային սարսափելի հրթիռային սպառնալիքին»։ Լրատվամիջոցները այդ ծրագիրը կոչել էին «Աստղային պատերազմներ»։ Այն հանգեցրել էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հարաբերությունների սրմանը, մեծացրել սպառազինության մրցավազքը։ 1993 թվականին այդ ծրագիրը չեղարկել է։

Leave a Comment