Սովորել երազանքի դպրոցներում, բուժվել ու հետազոտվել բարեկարգ բուժհաստատություններում

«Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր»–ը կարևորագույն նախագծերից է, որն  Ասիական զարգացման բանկն իրականացնում է ՀՀ-ում, իսկ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է։ Ծրագիրը հաստատվել է 2015 թվականին։ Վարկային առաջին համաձայնագրով 88,5 միլիոն դոլար է տրամադրվել։ 2023 թվականին շուրջ 72 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում է հաստատվել։ Կառավարությունը հաստատել է նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այս դեպքում արդեն ԱԶԲ-ի առաջարկած վարկավորման ծրագրով  45,3 մլն եվրո վարկով  առողջապահական հաստատություններ կկառուցվեն ու կբարելավվեն, կկատարվեն առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվության թվայնացում։

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն իրենց երազանքի տունն են կառուցում։ Առայժմ, սակայն, համակարգչով․

 «Իմ երազանքի տունը գույներ ունի»։

Մի քանի ամիս է, ինչ այս երեխաները նոր, հարմարավետ, ժամանակակից կրթօջախում են անցկացնում իրենց առօրյան։ Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանն ընդգծում է՝ դպրոցի հին շենքն այն վիճակում էր, որ տնտեսական ու ֆինանսական առումով շահավետ էր քանդելը և նորը կառուցելը․

«Նոր շենք տեղափոխվել ենք 2025 թվականի փետրվարի 18-ից, իսկ պաշտոնական բացումը եղել է մարտի 1-ին։ Պայմանները կատարյալ են և համահունչ նոր չափորոշչին, ժամանակակից կրթության պահանջներին։ Բոլոր պայմաններն առկա են՝ որակյալ և արդյունավետ ուսուցում ապահովելու 1563 աշակերտի համար»։

Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 467 աշակերտներն ու ուսուցչական-տեխնիկական անձնակազմը  3,5 տարի մշակութի տանն ու անհատներից մեկին պատկանող տարածքում են եղել։ Դասերը երկհերթ էին կազմակերպում։ Այսօր արդեն բարեկարգ, ժամանակակից, լուսավոր ու հարմարավետ դպրոցում են շարունակում աշխատել։ Դժվար էր, բայց դիմացան՝ ասում է դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանը։

 «Այն, որ մենք ունենալու էինք այսպիսի հրաշալի դպրոց, մեզ ուժ է տվել։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ընթացքում որևէ աշակերտ չի տեղափոխվել Իջևան ուսումնառությունը շարունակելու համար։ Բոլորը սպասել են այս հրաշք կառույցին։ Այսօր մեր բոլոր դասասենյակներն ու լաբորատորիաները կահավորված են ու հագեցած համապատասխան սարքավորումներով»։

Դպրոցն իր հին, բայց օգտագործելի գույքը նվիրում է մարզի մյուս կարիքավոր կրթօջախներին։ Այս երկու դպրոցն ու ևս 40 կրթօջախ կառուցվել, վերանորոգվել են  Ասիական զարգացման բանկի միջոցներով, «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։ Բայց դպրոցներն ընտրել է կառավարությունը։ Ծրագիրը հաստատվել է 2015 թվականին։ Առաջին վարկի գումարը կազմել է 88,5 միլիոն դոլար։ 2023 թվականին շուրջ 72 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում է հաստատվել՝ ասում է ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը․

 «Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել կամ ամրացնել 46 դպրոց, որոնցից 14–ը՝ Երևանում, մնացածը՝ բոլոր մարզերում։  Ծրագրում ընդգկված են բոլոր մարզերը»։

Ծրագիրն ունի ոչ միայն շինարարության, այլև շատ ուրիշ բաղադրիչներ։ Մասնավորապես՝ ԱԶԲ-ն նաև տեխնիկական աջակցություն է տրամադրում, օրինակ՝ սեյսմակայուն շինարարության նորմերի կիրառման ձեռնարկ է մշակել, որը նախագծողներին օգնում է սեյսմիկ հաշվարկներ կատարելիս։

«Ծրագրի շրջանակում մեզ համար կարևոր պայմաններ են եղել սեյսմիկ անվտանգությունը, ներառականությունը, էներգախնայողությունը։ Բոլոր դպրոցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաներին, որպեսզի կարողանան անվասայլակով ազատորեն տեղաշարժվել։ Մեր գրեթե բոլոր դպրոցները ունեն արևային վահանակներ»։

Ծրագրով նախատեսվում է 46 դպրոց վերանորոգել կամ վերակառուցել։ Դրանցից մի քանիսում աշխատանքն ավարտվել է, մյուսներում՝ դեռ ոչ։ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»–ն ընդգրկում է Հայաստանի մարզերն ու Երևանը։ Նույն տրամաբանությամբ՝ կառավարությունը և Ասիական զարգացման բանկը «Առողջապահության որակի բարելավման ծրագրով» 45,3 մլն եվրո վարկային միջոցներով  առողջապահական հաստատություններ են կառուցում ու վերականգնում։ Կատարվում են նաև առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվության թվայնացում։ Ոսկեվազի բժշկական ամբուլատորիան շահառու հաստատություններից է։ Տնօրեն Արմենուհի Հովսեփյանն ասում է․

«Սովխոզի հին շենքն է, 1950-ականներից է։ Երկրորդ հարկում արվեստի դպրոցն էերբ երեխաները պարում են, իսկ բժշկուհին աշխատում է, թվում է, թե երկրաշարժ է։ Ամեն անգամ պարելիս պատերի ծեփերը թափվում են»։

Թե՛ կառավարությունում, թե՛ ԱԶԲ-ում վստահ են՝ որքան շատ լինեն թվային տվյալներ մարդու առողջության վերաբերյալ, այնքան բուժծառայությունները բարձրորակ կլինեն, արագ ու մատչելի: Իսկ նպատակը մարդու առողջությունն ապահովելն է, որակյալ ծառայություններ մատուցելը։

Leave a Comment