
Իսպանիայի ողջ տարածքում բջջային կապը խափանվել է։ Երկիրը մնացել է առանց ինտերնետի և բջջային կապի։ MIR 24-ը գրում է, որ տեխնիկական խափանումն ազդել է բազմաթիվ օպերատորների վրա, այդ թվում՝ Movistar-ի, Vodafone-ի և Orange-ի։
Այն տեղի է ունեցել իսպանական Telef nica հեռահաղորդակցական ընկերության ցանցի թարմացման աշխատանքների ժամանակ։ Կապից զրկվել են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան և Սևիլյան։
El Pas թերթը գրում է, որ վթարը նաև ժամանակավորապես խափանել է արտակարգ ծառայությունների աշխատանքը Իսպանիայի որոշ ինքնավար համայնքներում։
Telef nica-ն վստահեցրել է, որ խնդիրն արդեն լուծվում է։ «Մենք աշխատանքներ ենք իրականացրել ցանցի արդիականացման ուղղությամբ, որոնք ազդել են որոշ ընկերությունների որոշակի ծառայությունների վրա», – ասել են ընկերության ներկայացուցիչները։
Իսպանիայի թվային վերափոխման նախարարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել։