Դեռ պետք է պարզել՝ եղե՞լ է բռնություն, թմրամիջոց կամ շորթում. ՆԳՆ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացնում Մխչյանի դպրոցում կատարվածի մասին

Մխչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի աշակերտների կողմից բռնի ուժով տարրական դասարանում սովորող երկու աշակերտին թմրամիջոց տալն ու դրանից կախվածության մեջ գցելու դեպքով չի եղել ահազանգ տուժող կողմից:

«Մխչյանի դեպքով քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության համատեղ աշխատանքի արդյունքում ի հայտ է եկել այս տեղեկատվությունը, ինչի արդյունքում անձինք հրավիրվել են ոստիկանություն։ Այսինքն, ենթադրյալ բռնության ենթարկված կողմը և ենթադրյալ կատարած կողմը ոստիկանության բաժին չեն ներկայացել սեփական նախաձեռնությամբ, չեն դիմել, դիմումով կամ ահազանգով չի ստացվել տեղեկությունը»,- այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը՝ շեշտելով, որ դեռ պետք է պարզել՝ եղե՞լ է բռնություն, թմրամիջոց կամ շորթում:

Հովհաննես Համբարյան

ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանն էլ ներկայացրեց դեպքի ժամանակագրությունը. «2025 թվականի մայիսի 12-ին ստացվել է հաղորդում այն մասին, որ Մխչյան գյուղի դպրոցում 4-րդ դասարանի և ավագ դպրոցի մի քանի երեխաների միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ երեխաների քթանցքներին քսել են սպիտակ փոշենման զանգված և այդ տեղեկությունը չհրապարակելու դիմաց պահանջել գումարներ։ Ուզում եմ շեշտել, որ տեղեկություններ են տարածվել, թե երեխաների մոտ առաջացել է կախվածություն և սկսել են գումարներ գողանալ՝ նոր խմբաքանակ ձեռք բերելու համար, քրեական վարույթում նման տվյալներ առկա չեն»:

Այս դեպքով, չորս անձ է ներգրավված որպես կասկածյալ, չկա նրանցից որեւէ մեկի նկատմամբ առաջադրված մեղադրանք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment