Կրթական հաստատությունից աշխատաշուկա ճանապարհը ուսանողի համար շարունակում է հաճախ՝ բարդ, երբեմն՝ անհաղթահարելի մնալ․ այս խնդրի տարբեր կողմերն ու պատճառները դիտարկելու և լուծում փնտրելու նպատակով Հայաստանի Եվրոպական համալսարանի Տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետը հրավիրել էր ևս 4 բուհի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի լավագույն ուսանող-ֆինանսիստների, դասախոսների և մի շարք գործատուների, որոնք փորձեցին ամբողջացնել աշխատաշուկա տանող ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերները։ Հայաստանի Եվրոպական համալսարանի Տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենուհի Մհերյանն է պատմում․


«Շատ կարևոր է, որ բուհերը և՛ իրար հետ, և՛ միաժամանակ գործատուների հետ համագործակցեն, որպեսզի կարողանանք բոլորիս համար ընդունելի, կարևոր հմտությունների շրջանակ ընդգծել։ Այդ հմտությունները, ինչպես մեր համաժողովի և պանելային քննարկման մասնակիցներն են նշում, երկու բաղադրիչ ունեն․ ակադեմիական և փափուկ հմտություններ։ Մասնավորապես, այստեղ խոսում ենք մասնագիտական հաղորդակցման, արդյունավետ հաղորդակցման մասին, լսելու ունակության մասին, ժամանակի կառավարման մասին։ Մենք մտածում ենք, որ դրանք ակադեմիական հարթակի խնդիրը չեն առհասարակ, բայց գործատուները խոսում են, և ես էլ եմ համակարծիք, որ, այո, ուսանողը 4 տարվա ընթացքում նաև պետք է ձեռք բերի փափուկ հմտություններ, որովհետև դրանք սինխրոն են»։
Երեք կողմն էլ անելու բան ունի՝ ասում է Ռոզա Գրիգորյանը, ով կանգնած է այդ երեք կողմերի ճիշտ մեջտեղում․ Եվրոպական համալսարանում դասավանդում է մարդկային ռեսուրսների կառավարում առարկան, ուստի կրթական ծրագրի իրացնող է, աշխատում է ուսանողների հետ, ուստի նրանց աշխատաշուկա մուտք գործելուն պատրաստողն է, հայաստանյան ընկերություններից մեկի HR մասնագետն է, ուստի ներկայացնում է նաև գործատուի տեսակետը․
«Խնդիրը եռակողմ է։ Բուհը պետք է հնարավորինս շատ պրակտիկ մասնագետների ներգրավի իր դասախոսական կազմում, որոնք հենց օրվա կտրվածքով ինֆորմացիա կկարողանան տալ, քանի որ այսօրվա ինֆորմացիան 2 ամիս հետո արդեն կարող է օգտագործելի չլինել։ Ուսանողները պետք է է՛լ ավելին սովորեն, է՛լ ավելին պահանջեն, որովհետև երբ դասախոսից շատ բան չես պահանջում, նա տալիս է այն, ինչ պլանավորել է, բայց եթե լսարանը էլի է ցանկանում, դասախոսը պարտավորված է լինում։ Իսկ գործատուները վերջին 5-7 տարում ավելի բաց են դարձել, սկսնակ մասնագետներին ավելի ջերմ են ընդունում։ Ես կցանկանայի, որ այդ խումբն է՛լ ավելի մեծանա, և հնարավորություններն է՛լ ավելի շատ լինեն»։
Աշխատաշուկա մուտքը դժվար չի լինում, եթե դա անել սովորեցնող դասախոսը ոլորտի գործող ներկայացուցիչ է՝ իր փորձը հիմք ընդունելով վստահեցնում է Ջուլիետա Հակոբյանը, ով այս տարի արդեն կունենա ֆինանսիստի դիպլոմ։ Այս պահին նա արդեն փորձաշրջան է անցնում ընկերություններից մեկում՝ որպես օնլայն վաճառքի մասնագետ։
«Իմ մուտքը աշխատաշուկա շատ հեշտ է ստացվել, որովհետև Եվրոպական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի հենց «Ֆինանսներ» մասնագիտությունը ինձ շատ բան է տվել։ Առաջինը՝ հենց գործնական հմտություններ, հաղորդակցման հմտություններ, ֆինանսական մտածողություն։ Գործատու-դասախոսների հետ դասն ու շփվելը ուսանողներին մեծ հնարավորություն են տալիս, որովհետև շատ դեպքերում գործատու-դասախոսները հենց իրենց քեյսերից են պատմել ու փորձել էնպես անել, որ մենք իրավիճակի լուծումը տանք»։


Այսօր մի նոր միտում էլ կա․ գործատուները հաճախ ցանկանում են դասախոսել ոչ թե բուհում, այլ հենց իրենց ընկերությունների կողմից առաջարկվող կրթական ծրագրերի շրջանակում՝ ասում է Եվրոպական համալսարանի Տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի դեկանը։ Խոստովանում է՝ իրավիճակով մտահոգ են և փորձում են անել հետևություններ․
«Խոշոր կազմակերպությունները, որոնք լավ մասնագետների կարիք ունեն, ստեղծում են իրենց ուսուցման կենտրոնները և վերապատրաստում են իրենց կադրերին՝ մինչև աշխատանքի ընդունելը։ Ստացվում է, որ ամեն դեպքում իրենք չունեն բավարար գոհունակություն բուհերի տրամադրած ո՛չ թե կրթությունից, այլ պատրաստի կադրից, որովհետև մենք խոսում ենք փափուկ հմտությունների մասին, որ ոչ բոլոր դեպքերում են ակադեմիական հմտություններին համարժեք։ Մտածելու տեղիք տալիս է, որովհետև կստացվի այնպես, որ որոշ ժամանակ հետո շատ լուրջ խնդիր կարող է առաջանալ, երբ ակադեմիական կրթության նկատմամբ պահանջարկը կնվազի, հատկապես, եթե գործատուները իրենք սկսեն իրենց համար անհրաժեշտ կադրեր հավաքել, վերապատրաստել և միանգամից տվյալ աշխատանքին հարմարեցնել»։
Ինչպե՞ս անել, որ ակադեմիական կրթությունը չարժեզրկվի, որ բուհը կարողանա կատարել իր առաքելությունը՝ տալ կրթություն, որը կիրառելի կլինի աշխատաշուկայում, որ գործատուն ուսանողին՝ հնարավորություն, ուսանողը գործատուին՝ պատշաճ որակի աշխատանք տա։ Հայաստանի առաջատար 5 բուհերի ներկայացուցիչներն ու գործատուներն ակնկալում են այս հարցերի պատասխանները որոշակիացնել նաև համաժողովի ընթացքում արված եզրահանգումները հիմք ընդունելով։