Մայիսի 14-ի հորդ անձրևները, կարկուտն ու քամին վնասել են Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի պտղատու այգիներն ու բանջար-բոստանային ցանքատարածքները: Երկու գյուղերը Մեծամոր համայնքի կազմում են: Համայնքապետարանի հանձնաժողովը գյուղատնտեսների հետ փորձում են հաշվարկել կարկուտի հասցրած վնասը:
Եռօրյա ցիկլոնը, որը հորդ անձրևներից բացի ուղեկցվում էր քամու պոռթկումներով ու կարկուտով, վնասել են Արմավիրի մարզի Ջանֆիդա ու Նալբանդյան գյուղերի պտղատու այգիներն ու բանջարեղենի ցանքատարածքները: Ջանֆիդա գյուղի բնակիչ Վահան Հովհաննիսյան.
«Մեզ մոտ հիմնականում պտղատու այգիներ են, խաղողը՝ քիչ, մի քանի հեկտար էլ բանջար-բոստանային մշակաբույսեր: Պտղատու այգիներում ծիրանի, սալորի, դեղձի ծառեր են: Հիմնական էպիկենտրոնում ուժեղ էր ու ահավոր վնաս է հասցրել: Կարելի է ասել, բերքը 100 տոկոսով իր ապրանքային տեսքը կորցրել է, իսկ թե ինչ կմնա, ինչ՝ չէ, մինչև արև չլինի, չի երևա»:
Արմավիրի մարզում վերջին տասը տարում գյուղատնտեսական նշանակության վարելահողերի զգալի մասը վերափոխվել է պտղատու այգիների: Եթե բանջարեղենի դեպքում հնարավոր է ցանքը նորից սկսել, բերքն ավելի ուշ հավաքել, ապա պտղի վնասը չի վերականգվում:
«Կարկուտը այդքան մեծ չէր բայց երկարատև էր՝ քամու հետ միասին: Քամին էլ է օգնել հիմնական վնասին: Պտուղտը ծառից և՛թափվել է, և՛ ապրանքային տեսքը կորցրել»:
Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերը Մեծամոր համայնքի ենթակայության տակ են: Համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ռուստամ Մարտիրոսյանն ասում է, որ համայնքի 31 բնակավայրերից կարկտահարվել են միայն Նալբանդյան ու Ջանֆիդա գյուղերի հողատարածքները։ Հանձնաժողովներն այժմ ուսումնասիրում են վնասի չափը:
«Համայնքի ղեկավարի կողմից հանձնաժողովը կազմված է ու աշխատում է, բայց տվյալներ դեռ չենք կարող ասել, որովհետև չեն ավարտել ուսումնասիրությունը»:
Տարերքի հասցրած վնասն ուսումնասիրող հանձնաժողովը եղել է Ջանֆիդայում։ Վահան Հովհաննիսյանն ասում է, որ այստեղ վնասվել է շուրջ 100 հա ցանքատարածք ու այգի:
«Մեծ վնաս է տվել, հիմա մենք աշխատում ենք, համայքապետարանից հանձնաժողովը կազմով եկել է, բնակիչներ են ընդգրկվել, հերթով մշտադիտարկում ենք հողերը, կներկայացնենք, բայց դեռ պարզ չի, չի երևում վնասը»:
Հանձնաժողովն աշխատելու է նաև Նալբանդյանում: Գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյանը պատմում է, թե ինչպես էր մանր կարկուտը ձյան պես ծածկել հողատարածքներն ու ճանապարհները: Կարկտահարվել է շուրջ 500 հա հողատարածք:
«Այդ տարածքում հիմնականում պտուղն է ու բանջարեղենը, իսկ մեր խաղողի այգիները գտնվում են Ամասիա գյուղի ուղղության վրա: Կարկուտը Ջանֆիդա գյուղից սկսած եկել է մինչև Գետաշենի սահմանը՝ սահմանապահ ուղեկալի ներսում գտնվող հողերն էլ հետը: Կարկուտը ձյան տեսքով էր: Մենք հակակարկտային կայանի հետ այդ ժամանակ քննարկում էինք ու կայաններն աշխույժ կրակում էին: Մի ժամ առաջ արդեն մենք գիտեինք, որ կարկուտ է գալու»:
Անձրևներն արդեն դադարել են և հանձնաժողովներն աշխատելու են դաշտերում, մի քանի օրից պարզ կլինի վնասի չափը: