«Էս»-ը այն «վերնախավերն» են, որոնք որոշում են քաղաքականություն ու ձեւավորում են մթնոլորտ եւ միջավայր. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերձավանի «պատկերից» հետո արձագանքների մի մեծ մասում «կարմիր թելով» անցնում է հերթական «մենք էս ենք»-ը:

Ընդհանրապես, Հայաստանում ամեն մի այսօրինակ միջադեպից հետո «մենք էս ենք»-ը դարձել է նորաձեւ: Կամ՝ դարձրել են նորաձեւ: Ավելին, »մենք էս ենք«-ը դարձրել են նույնիսկ կրթվածության, անգամ ինտելեկտուալության, մշակութային առաջադիմության «չափանիշ» ու ինքնահաստատման միջոց:

Մեկ էլ կհայտնվեն մարդիկ, որոնք մշակութա-ինտելեկտուալ բարձրությունից կազդարարեն՝ «դե, մենք էս ենք»:

Ու թեեւ «մենք էս չենք» ասելը նորաձեւ չէ, ես նույնիսկ կպնդեմ, որ մենք «էս չենք» ընկերներ, մենք էս չենք: Մեր հանրությունից մի կերտեք կենցաղ-մշակութային վայրենիներ:

Ցանկացած հասարակությունը կառուցված է մշակութային եւ մտածողական, արժեքային ու գաղափարական տարբեր շերտերից, ամենացածրից մինչեւ ամենաբարձրը:

Հարցն այն է, թե ինչն ես դուրս բերում այդ հասարակությունից, որ շերտն ես բերում ու դարձնում գերակա, որ շերտն ես ակտիվացնում երկրում վարվող համապարփակ քաղաքականությամբ:

Մեզանում ակտիվացվել է հենց «վայրի» շերտը: Չշփոթել «վայրենու» հետ: Ակտիվացվել է «վայրի» շերտը, որովհետեւ այդ ռեժիմն է հարմար անբովանդակ քաղաքական տրենդներ ու նարատիվներ առաջ մղելու համար:

Մենք «էս չենք»: «Էս»-ը այն «վերնախավերն» են, որոնք որոշում են քաղաքականություն ու ձեւավորում են մթնոլորտ եւ միջավայր:

Մենք պարզապես զուրկ ենք հանրային որակների հետ աշխատելու պատրաստ եւ ունակ էլիտայից:

Եվ խնդրում եմ նաեւ վերստին չկրկնել, թե էլիտաները չեն ընկնում օդից: Իհարկե չեն ընկնում օդից: Ոչինչ էլ չի ընկնում օդից: Բայց էլիտան հենց նրանով է էլիտա, որ իր հատկանիշներով էապես առանձնանում է լայն հանրությունից եւ այդ հատկանիշները ենթադրում են նաեւ հանրային միջավայր ու ընթացք փոխելու, հասարակական եւ պետական մթնոլորտի հիմքում հանրային որակները, այլ ոչ թե հանրային բնազդները ամրապնդելու, այդ որակների հետ աշխատելու, այլ ոչ թե բնազդների վրա խաղալու կարողություն եւ ցանկություն:

Leave a Comment