
Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները զարգանում են աննախադեպ տեմպերով, X –ի էջում գրել է ԵՄ արտաքին կապերի ծառայությունը՝ ամփոփելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջեւ բանակցությունների արդյունքները։
«Նրանք քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու գործընթացում ԵՄ աջակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն էր բանակցությունների մասին հաղորդագրություն հրապարակել, նշելով, որ քննարկվել են «ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքները՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը»։
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման առանցքային նշանակությունը»։