Մեկ շաբաթից նա կդառնար 90 տարեկան․ «աշխարհի ամենաաղքատ նախագահ» տիտղոսին արժանացած՝ Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի մահվան մասին հայտնել է երկրի գործող նախագահը։ «Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ»,- X-ում գրել է Յամանդու Օրսին։ Ուրուգվայի նախկին նախագահի մահվան մասին գրելիս միջազգային լրատվամիջոցները հիշել են այն ամենը, ինչով մարդկանց զարմացրել է Խոսե Մուխիկան։
Նա կոտրել է նախագահների մասին բոլոր կարծրատիպերը՝ հրաժարվելով այն ամենից, ինչը բնորոշում է նրանց կենցաղն ու վարքագիծը։ Նա չուներ առանձնատներ, սեփական ինքնաթիռներ, անվտանգության աշխատակիցներ, բայց նվաճել էր մի տիտղոս, որը չունեն մյուսները․ նա աշխարհի ամենաաղքատ նախագահն էր։
Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան՝ իր երկրում սիրված Պեպեն, ապրում էր խիստ համեստ կյանքով, բնակվում էր ծնողներից ժառանգություն ստացած գյուղական ֆերմայում և ծաղիկներ էր աճեցնում։ Նա հրաժարվել էր 1987 թվականի արտադրության իր Volkswagen Beetle-ը մեկ միլիոն դոլարով արաբ շեյխին վաճառելուց, քանի որ իր ընկերների նվերն էր։
Խոսե Մուխիկան Ուրուգվայի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2010 թվականին։ Առաջին բանը, որ արել է, իրեն հատկացված առանձնատուն տեղափոխվելուց հրաժարվելն է։ Գերադասել է ֆերման, որը մայրաքաղաքի հետ էր կապվում գրունտային ճանապարհով։ Փոքրիկ տանն ապրում էին Խոսե Մուխիկան, կինը և երկու շուն՝ մի ծեր լաբրադոր ու մի եռոտանի խառնածին՝ Մանուելա անունով։
Խոսեն սիրում էր այգին և հողի հետ աշխատանքը, իսկ մինչև նախագահ դառնալը կնոջ հետ ծաղիկներ էր աճեցնում վաճառելու համար առանց վարձու աշխատողների։
Պեպեն, ինչպես նրան կոչում են հարազատ երկրում, հրաժարվել էր անվտանգության աշխատակիցներից, ավտոշարասյան ուղեկցությունից, իսկ նրա ֆերման հսկում էր երկու ոստիկան։ Մուխիկան իր նախագահական աշխատավարձի 90%-ն ուղղում էր բարեգործությանը։
«Ինձ անվանում են ամենաաղքատ նախագահը, բայց ես ինձ աղքատ չեմ զգում։ Աղքատները նրանք են, ովքեր աշխատում են միայն շքեղության մեջ ապրելու համար։ Նրանք միշտ ավելի ու ավելի շատ են ուզում… Բայց եթե քիչ բաներ ունես, ապա ավելի շատ ժամանակ ունես քեզ համար»։
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի արևմտյան ծայրամասում ծնված Մուխիկան յոթ տարեկանում կորցրել էր հորը։ Դպրոցն ավարտելուց հետո իրավաբանական ֆակուլտետ է ընդունվել, սակայն չի ավարտել։ Փոխարենը՝ տարվել է քաղաքականությամբ։ Սոցիալիզմի գաղափարախոսության կողմնակից էր, ընդհատակյա պայքար էր մղում ավտորիտար կառավարության դեմ։
Խոսե Մուխիկան մասնակցել է բազմաթիվ զինված գործողությունների։ Իրավապահ մարմինների հետ բախումներից մեկի ժամանակ հրազենային վեց վերք է ստացել, չորս անգամ՝ ձերբակալվել, երկու անգամ՝ փախել բանտից։ Ընդհանուր առմամբ բանտում անցկացրել է 14 տարի, պահվել՝ հիմնականում խիստ ռեժիմում, ազատ է արձակվել համաներմամբ։
Մինչև նախագահ դառնալը սենատոր է եղել, ապա՝ զբաղեցրել գյուղնախարարի պաշտոնը։ Որպես նախագահ պաշտոնավարել է 5 տարի։ Այդ շրջանում Ուրուգվայը մեծացրել է ՀՆԱ-ի, կրճատել աղքատության ցուցանիշները։
Նախագահի պաշտոնը թողնելուց հետո կրկին ընտրվել է սենատոր, իսկ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է 2020 թվականի վերջին՝ COVID-ի և տարիքի պատճառով։
Ուրուգվայի 89–ամյա նախկին նախագահը մահացել է կերակրափողի քաղցկեղից։ Այս մասին X-ում գրել է երկրի գործող նախագահ Յամանդու Օրսին։
«Խոր վշտով հայտարարում ենք մեր գործընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ և մենեջեր։ Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ տված ամեն ինչի և Ձեր ժողովրդի հանդեպ Ձեր խոր սիրո համար»։
Դեռևս տարեսկզբին Մուխիկան հայտնել էր, որ իրեն ախտորոշված կերակրափողի քաղցկեղը բուժման ենթակա չէ, և հրաժեշտ էր տվել հայրենակիցներին:
Իսկ 2024-ի նոյեմբերին BBC-ին տված հարցազրույցում Մուխիկան ասել էր. «Մարդը գիտի, որ մահն անխուսափելի է։ Եվ գուցե հենց դա է կյանքի աղը»։