
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ խափանման միջոց գրավը փոխարինել է կալանքով, քանի որ Օքրուաշվիլին չի ներկայացել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին կատարված հանցագործությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի նիստերին։ Այս մասին հաղորդում է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը։
Ապրիլին դատարանը Օքրուաշվիլուն պարտավորեցրեց վճարել 20 հազար լարիի (ավելի քան 7,3 հազար դոլար) գրավ։ Դատախազությունը նոր միջնորդություն է ներկայացրել Օքրուաշվիլուն ձերբակալելու վերաբերյալ։ Դատարանի կողմից դատախազի միջնորդությունը բավարարելուց հետո Օքրուաշվիլին կալանավորվել է։
Ինչպես լրագրողներին հայտնել է դատախազության ներկայացուցիչը, Օքրուաշվիլուն կալանավորելու հայցի պատճառն այն էր, որ նախկին պաշտոնյան հրաժարվել է գրավ վճարել և բացահայտ հայտարարել է, որ չի կատարելու իր վրա դրված պարտավորությունները։