«Եթե, ըստ Վահե Գրիգորյանի, Արցախը Ադրբեջան է եղել, հարց է առաջանում՝ Վահե Գրիգորյանը զինվորական ծառայություն է անցել Ադրբեջանո՞ւմ»

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվում են հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» հիմնական դատալսումները։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար։ Դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Էդգար Ղազարյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ ՍԴ նախկին դատավոր, ՄԻԵԴ-ում դատավոր Վահե Գրիգորյանը զինվորական ծառայություն է անցել Արցախում։ «Լինելով իրավաբան, ծառայելով Արցախում, վիճահարույց չհամարելով իր ծառայության գտնվելու վայրը, տասնյակ տարիներ անց՝ 2024 թվականին, լինելով գործով զեկուցող դատավոր, ինչպե՞ս է Վահե Գրիգորյանն իր որոշման մեջ եւ իր հատուկ կարծիքով տալիս մեկնաբանություններ, ըստ որի՝ իր ծառայության վայրը դեռեւս 1991 թվականից հանդիսացել է Ադրբեջան։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե Արցախը 1991 թվականից Ադրբեջան է եղել, Վահե Գրիգորյանը 1997-1998 թվականներին զինվորական ծառայության մեջ էր գտնվում Ադրբեջանո՞ւմ։ Դա մեղադրանք է, որը հիմա ներկայացված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ դեպքում ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ Վահե Գրիգորյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում, որտեղ գտնվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ այլ գերիներ»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Նա նաեւ հարցադրում արեց․ «Իսկ եթե հիմա են փոխվել Վահե Գրիգորյանի մոտեցումները, ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հանգամանքներով է դա եղել։ Այսինքն՝ միգուցե նա արդեն դավաճանություն է իրականացրել մեր պետության հանդեպ, այդ դեպքում ինչո՞ւ չի գտնվում ՀՀ քրեական դատարանում, այլ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment