Ու պարզվում է, որ այդ ամբողջ պատերազմը, որ Հիտլերը զորք է հավաքել, զինել է, մի նպատակ է ունեցել. որ ստեղծվի միասնական Հայաստան. Էդգար Ղազարյանը հեգնեց

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում գտնվելու մասին՝ ասաց. «Մինչեւ մայիսի 9-ին նրա՝ Մոսկվա գնալը ասեմ, որ մեր պաշտոնական տոնացույցում նախ կա օրենքով սահմանված պետական տոն՝ մայիսի 8: Դա կաչվում է Երկրապահի օր: Ու Հայաստանի ոչ մի պաշտոնյա ուղերձ չի հղել երկրապահի օրվա առիթով: Նույնիսկ պաշտպանության նախարարը:

Երկրապահի օրն ինչի՞ է մտել մեր Տոնացույց: Շուշիի ազատագրման օրվա խորհրդով: Այսինքն, մենք իրար հաջորդող երկու տոն ունեինք: Պետական բյուջեով անցած կառավարության նիստին չզեկուցվող հարցի միջոցով պետբյուջեից 234 մլն. դրամ փող են տվել երկրապահին: Ինչի համա՞ր: Սասուն Միքայելյանին սարքել են Պրիգոժին, որը մի մասնավոր բանակ է սարքել «Երկրապահը»: Պարզ է չէ՞, որ այդ տարիքի մարդիկ չեն կարող մարտական հերթապահություն իրականացնել: Ընդ որում, թիվը, որ իբրեւ տարել են մարտական հերթապահության, 1800-ից հասցրել են մինչեւ 10 հազար: Այդքան մարդու, եթե հաշվես չորս հոգանոց ընտանիքով, ստացվում է 40 հազար՝ օդից ընկնող 40 հազար մարդ, եթե հիմա ընտրություն լինի: «Երկրապահում» հիմա ովքե՞ր են: Առաջին պատերազմի ժամանակ կռված մասնակիցները: Եվ որպեսզի խնդիրներ չառաջանան, որ իրենց ու իրենց զոհված ընկերների ազատագրած հողերը հանձնվել են թշնամուն, եւ ընտրության համար ձայն ապահովելու նպատակով ամիսը 160 հազար դրամ փող են տալիս: Բայց 234 մլն. դրամ տալուց հետո էլ երկրապահին չեն շնորհավորում»:

Էդգար Ղազարյանը նկատել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հաղթանակի զբոսայգում հայտարարել է, թե սա Եռատոն չի, այլ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի օր է: «Այսինքն, տոն էլ չի, հաղթանակի օր էլ չի, հիշատակի օր է: Սրանց բոլոր ուղերձներում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմ, ինչը տգիտություն է:

Երկրորդ համաշխարհային պատերազմը 1941-1945 թվականների պատերազմը չէ: Այն սկսվել է 1939 թվականին եւ ավարտվել է 1946 թվականին: Հայրենական մեծ պատերազմը, որի հաղթանակը մենք տոնում ենք մայիսի 9-ին, 1941-1945 թվականի պատերազմն է: Ու սրանք ամեն մի քննարկմանը ամեն ինչ խեղաթյուրում են: Սրանց մեկնաբանությամբ՝ Գերմանիան ֆաշիստական չի, դա միֆ է՝ նացիստական է, սոցիալ-դեմոկրատական է: Ու պարզվում է, որ այդ ամբողջ պատերազմը, որ Հիտլերը զորք է հավաքել, զինել է, մի նպատակ է ունեցել. որ ստեղծվի միասնական Հայաստան: Որովհետեւ Ստալինգրադի ճակատամարտում գերմանացիները պիտի Սովետական Միությանը հաղթեին, հետ գային Կովկաս: Այդ ընթացքում Սովետական Հայաստանը, որը 20 տարի Սովետական Միությունում էր, միանգամից դառնում էր անկախ Հայաստան: Հետո անկախ Հայաստանից, Բուլղարիայից ֆաշիստական Գերմանիան հարձակվելու էր իր դաշնակից Թուրքիայի վրա՝ նպատակով, որ ստեղծեր անկախ Հայաստանը: Բայց այդ Սովետական Միությունը, այդ թվում՝ այդ անխելք հայերը, գնացել ու դիմադրություն են ցույց տվել: Դրա համար էլ այս օրին ենք»,-հեգնեց քաղաքական գործիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment