Ավելի քան 4 տասնամյակ Թուրքիայի դեմ պայքարած «Քրդական աշխատավորական կուսակցությունը» հայտարարել է ինքնալուծարման և զենքերը վայր դնելու մասին։ Խմբավորումը նշել է, որ զինված պայքարից անցնում է դիվանագիտական պայքարի: Թուրքիայում այս զարգացումը պատմական են համարում։ Թուրքագետները կարծում են, որ Էրդողանին իսկապես հաղողվեց հանգուցալուծել խնդիրը, բայց նաև նկատում են՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» ինքնալուծարմամբ Թուրքիայում փակվում է քրդական հարցը, բայց՝ ոչ քրդերինը։
Ավելի քան 40 տարի գործած և Թուրքիայի դեմ պայքարած Քրդական աշխատավորական կուսակցությունն այսօր զենքերը վայր դրեց։ Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտարարեց Թուրքիայում լուծարման և ապստամբության ավարտի մասին։
Իրաքի հյուսիսում հրավիրված եզրափակիչ համագումարից հետո զինյալ խմբավորումն արձանագրեց, որ զենքով հասել են պատմական արդյունքների, իսկ հիմա դիվանագիտական պայքարի ժամանակն է:
Թուրքագետներն ու միջազգային փորձագետները սա Թուրքիայի պատմության մեջ կարևոր շրջափուլ են համարում։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է, որ Էրդողանին առերևույթ կերպով հաջողվեց լուծել քրդական հարցը։
«PKK խնդիրը ուղեկցում է Թուրքիայի ներքաղաքական, հասարակական փոփոխությունները՝ սկսած 1970-ականների վերջից ։ Հիմա գոնե առերևույթ կերպով այդ ակտիվությունը վերանալու է, և խնդիրը փաստորեն կա՛մ դուրս է մղվելու օրակարգից, կա՛մ այլ ձևակերպում է ստանալու։ Իմ կարծիքն այն է, որ քրդական հարցը, եթե նույնիսկ համարում են փակված, ապա քրդերի հարցը Թուրքիայում շարունակելու է մնալ»։
Մելքոնյանը չի բացառում, որ քրդական առանձին ջոկատներ, զինված միավորներ կշարունակեն իրենց անհամաձայնությունը հայտնել թուրքական պետությանը, բայց դրանք, նրա ձևակերպմամբ, դոնկիխոտյան պայքարի դրսևորումներ կլինեն։
Թուրքիան, ըստ միջազգային լրատվամիջոցների վերլուծությունների, կարողացավ փակել արդեն 5–րդ տասնամյակը շարունակվող քրդական պայքարի էջը, ինչը տեղի ունեցավ աստիճանաբար։ Euronews-ը հիշեցնում է, որ PKK-ի առաջնորդ և քրդական պայքարի խորհրդանիշը համարվող Աբդուլլահ Օջալանը բանտարկված է 1999 թվականից և ավելի քան 25 տարվա բանտարկությունից հետո ի վերջո որոշում կայացրեց լուծարելու «Քրդական աշխատավորական կուսակցությունը» Թուրքիայի հետ հակամարտությանը վերջ դնելու նպատակով։ Դեռ մի քանի ամիս առաջ ստամբուլյան բանտից 76-ամյա Օջալանը իր զինակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու։ Շատերը կասկածում էին, թե քուրդ զինյալները կհետևեն Օջալանի կոչին, սակայն իրադարձություններն այլ ընթացք ունեցան։
Քրդական աշխատավորական կուսակցությունը պայքարի սկզբում արմատական նպատակների մասին էր խոսում՝ Թուրքիայի տարածքում անկախ պետության հիմնում, իսկ վերջին տարիներին նպատակ էր համարում ազգային ու մշակութային ինքնավարությունը։
Տեղի ունեցածը նաև Թուրքիայի ներքաղաքական իրողությունների համատեքստում է վերլուծվում։
Euronews-ը ուշադրություն է հրավիրում որոշ դետալների վրա․ «Ոմանք կարծում են, որ հաշտեցման այս ջանքերը Էրդողանի կառավարության փորձն է քրդերի աջակցությունը գրավելու նոր սահմանադրությունն ընդունելու հարցում, որը նրան թույլ կտա մնալ իշխանության ղեկին 2028 թվականից հետո ևս։ Իրադարձությունը Թուրքիայում տեղի է ունենում քաղաքական զգալի խառնաշփոթի ֆոնին՝ Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առանցքային դերակատար Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո»։
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով ՔԱԿ–ի լուծարմանը, Ֆեյսբուքում գրում է՝ թեև սա Էրդողանի ամենամեծ հաջողություններից մեկն է համարվում, սակայն այսպիսով քրդական զինյալ պայքարը չի ավարտվում։ Ինքնալուծարումը, ըստ վերլուծաբանի, կարող է հանգեցնել ոչ միայն պայքարի շարունակմանը, այլև դրա ռադիկալացմանը։
«Կան կարծիքներ, որ առաջին պլան կարող են դուրս գալ ռադիկալ «Քուրդիստանի ազատության բազեներ»-ը՝ մի խմբավորում, որը պայքարում է Թուրքիայի հարավ-արևելքում քրդական անկախ պետություն ստեղծելու համար՝ փոխարինելով արդեն ինքնալուծարված, բավական չափավոր և ինքնավարություն ու քրդերի իրավունքներ պաշտպանող PKK-ին։ Կա ևս մեկ հանգամանք․ զինյալ պայքարը այս կամ այն կերպ գեներացնում է հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք զինյալ պայքարի դադարեցման պարագայում պարզապես այլևս չեն լինի։ Ուստի քիչ հավանական եմ համարում զինյալ պայքարից ամբողջական հրաժարումը։ Այսպիսով՝ PKK -ի ինքնալուծարումը կարող է հանգեցնել ոչ միայն պայքարի շարունակմանը, այլ նաև դրա խստացման ու ռադիկալացմանը»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը ուշադրության արժանի գործոն է համարում ժողովրդագրական պատկերը։ Ըստ տարբեր հաշվարկների՝ Թուրքիայում 15-20 միլիոն թուրք է ապրում։
«Եվ եթե հաշվի առնենք դեմոգրաֆիկ տենդենցները, որ Թուրքիայում քրդերի թիվը բավականին աճում է և, ըստ կանխատեսումների, 2050-2060 թվականներին բավական մեծ թիվ է կազմելու, սա արդեն խոսում է այն մասին, որ քրդերի ներկայությունը Թուրքիայում դառնալու է դոմինատ։ Իրենք արդեն Թուրքիայի պետության իշխանության ներսում են և շնորհիվ իրենց ներկայության, հետագայում նաև իրենց թվի, ունեցած լծակների, իմ կարծիքով՝ կարողանալու են հասնել բավական լուրջ կամ դոմինանտ կարգավիճակի։ Համենայն դեպս այն վիճակի, որ Թուրքիան ստիպված կլինի, մեղմ ասած, հաշվին նստել քրդական գործոնի հետ»։
Եթե անգամ Քրդական աշխատավորական կուսակցության ինքալուծարմամբ քրդական հարցը Թուրքիայում փակվում է, ապա քրդերի հարցը չի փակվում՝ եզրափակում են զրուցակիցներս։