ՀՀ-ում Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել բողոքող կոնյակագործներին

«Իմ տպավորություններով՝ դեսպանը տեղյակ չէր և նոր է հարցում արել Վրաստան։ Սպասում ենք պատասխանի, նա խոստացավ, որ մոտակա ժամանակներում պատասխանը կստանա և կփոխանցի մեզ»,-Վրաստանի դեսպանի հետ հանդիպումից դուրս հետո ասաց «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ սեփականատեր Հայկ Շահնազարյանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, որ ապօրինի են բացում մեքենաները, բայց դեսպանը հակադարձել է, թե Վրաստանի օրենսդրությամբ իրենք իրավունք ունեին բացել մեքենաները և նմուշառում վերցնել։

«Մեր մեքենաները կանգնեցվել է, բեռը բացվել է, նմուշառումը կատարվել է, և մենք դրա մասին ոչ մի թուղթ չունենք»,-հայտարարեց Շահնազարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում Վրաստանի դեսպանը երկու օրվա ընթացքում իր երկրից պատասխան կստանա և կփոխանցի կոնյակագործներին։

«Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը և Հայկ Շահնազարյանը լրագրողներին հայտնել էին, որ ոչ բոլոր հայկական ընկերությունների մեքենաներն են կանգնեցնում Վրաստանում, և այս պահին ընդամենը 4 ընկերության մեքենաներ են պահվել Գեյզի անցակետում։

Leave a Comment