Ֆինանսների նախարարն ու ԱԶԲ նորանշանակ նախագահը քննարկել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ասիական զարգացման բանկի նորանշանակ նախագահ Մասատո Կանդայի հետ քննարկել է են ՀՀ և տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները և տնտեսական աճի խթանմանն ուղղված բարեփոխումները։

Հանդիպումը տեղի է ունեցել Միլանում ընթացող Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան ժողովի շրջանակներում։ Հովհաննիսյանն ու Կանդան քննարկե են նաև երկկողմ համագործակցության նոր ուղիները և տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական ծրագրերը։

Հովհաննիսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովման համատեքստում:

ԱԶԲ նախագահ Մասատո Կանդան բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված ֆինանսական կառավարման և ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև վերահաստատել ԱԶԲ-ի պատրաստակամությունը՝ ապագայում ևս աջակցելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։

Այս հանդիպումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև շարունակական և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործընթացում, նշել են Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Ասիական զարգացման բանկի մասին

2005թ․–ից ԱԶԲ–ն Հայաստանին տրամադրել է 1,9 մլրդ դոլարի աջակցություն, այն հանապետության խոշորագույն, բազմակողմ գործընկերներից մեկն է զարգացման ծրագրերի մասով, որոնց թվում են նախագծեր տրանսպորտի, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքային ենթակառուցվածքի ոլորտում, իսկ մասնավոր հատվածում ԱԶԲ–ն աջակցում է կոմունալ ձեռնարկություններին և ենթակառուցվածքին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին։

Leave a Comment