Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Տրիպոլիում արտակարգ դրություն է հայտարարել

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը, որը տեղակայված է Տրիպոլիում, արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաքում տեղի ունեցած կատաղի բախումներից հետո, որոնց նախորդել էր Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլիի սպանությունը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նախագահական խորհրդին կից կայունության վարչության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին սպանվել է մայիսի 12-ի երեկոյան Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբում, չպարզված հանգամանքներում։

Նրա մահը զանգվածային բռնությունների է հանգեցրել Տրիպոլիի մի քանի շրջաններում, բնակիչները հայտնել են շարունակվող կրակոցների և պայթյունների մասին:

Ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կոչ է արել մնալ տանը՝ պատճառաբանելով անվտանգության «կրիտիկական» և արագ փոփոխվող իրավիճակը: Իր հերթին, կրթության նախարարությունը դադարեցրել է դասերը Տրիպոլիի ողջ տարածքում։

Անկարգությունների պատճառով «Միտիգա» միջազգային օդանավակայանը հայտարարել է օդային հաղորդակցության ամբողջական դադարեցման մասին՝ մուտքային թռիչքներն ուղարկելով այլ օդանավակայան։

Leave a Comment