1000 հարկ վճարողների ցանկում ընդգրկված գործարարների երեխաները չեն ծառայում․ ՊՆ-ից Հայկ Սարգսյանին են ասել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ վերլուծելով վերջին 20 տարիներին Հայաստանում պարտադիր զինծառայության զորակոչվածների եւ տարբեր պատճառներով զինծառայությունից խուսափածների թվերը, եկել է այն եզրակացության, որ պարտադիր զորակոչվածների միայն 30 տոկոսն է ծառայում բանակում։

Այսօր պատգամավորը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք արդեն դրված են շրջանառության մեջ եւ վերաբերվում են Հայաստանում զինծառայությանը։

Պատգամավորը թվեր ներկայացրեց․ 2020-24 թվականների ընթացքում 8721 (երկու զորակոչի ենթակա քանակ) ՀՀ քաղաքացի է հրաժարվել քաղաքացիությունից, շատերը ՀՀ-ից մեկնել են ուսման, բուժման եւ այլ նպատակներով եւ մինչեւ 27 (զինծառայության ժամկետի լրանալու տարիք) կամ 37 (վաղեմության ժամկետի տարիք) տարին լրանալը։ 2010-24 թվականները՝ զորակոչից խուսափելու համար հարուցված քրեական գործերից 2500-ը կարճվել են հենց վաղեմության ժամկետի հիմքով։ Պարտադիր զինծառայությունից ազատվածների 80 տոկոսից ավելին են կազմում տարկետում ստացածները եւ ծառայության հետ անհամատեղելի հիվանդության փաստաթղթեր ներկայացնողները։

Առաջարկվող փոփոխությունների մի մասը, ըստ Հայկ Սարգսյանի, խստացնող են․ օրինակ, փոփոխություններ կատարել կառավարության որոշումներում եւ որոշակի հիվանդությունների դեպքում զորակոչվել, պարտադիր զինխառայության տարիքը 27-ից 37 դարձնելը, 15 միլիոն դրամ տուրք սահմանել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար եւ այլն։ Կան նաեւ խրախուսող կարգավորումներ․ այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջացած գումարի մի մասը ուղղել պարտադիր զինծառայություն իրականացնողներին, այժմ նրանք ամսական 3400 դրամ են ստանում։ Նաեւ՝ խրախուսել արական սեռի անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ ծառայել կրճատված ժամկետով կամ որոշակի գումար վճարելով պետբյուջե։ Սա վերաբերվում է ՀՀ-ում բնակվող ազգությամբ հայերին, ովքեր այլ երկրի քաղաքացիներ են։ Նրանց մեծ մասը, Հայկ Սարգսյանի կարծիքով, ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ, բայց դա հնարավոր է լինում միայն այդ անձանց 27 տարին լրանալուց հետո։

Հարցին՝ նման մոտեցումը պետության կողմից սոցիալական անհավասարություն չի՞ առաջացնում եւ արդյոք չի խրախուսում մոտեցումը, որ հայրենիքի պաշտպանությունը մնում է սոցիալապես անապահով խավի վրա, Հայկ Սարգսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իր առաջարկած նախագիծը սոցիալական հավասարություն է բերում, քանի որ սոցիալապես ապահովները կլուծեն իրենց զորակոչի հարցը՝ վճարելով գումարներ, որոնք կօգնեն մյուս խավին։ Հայկ Սարգսյանն ասաց՝ ըստ ՊՆ-ի, 1000 հարկ վճարողների ցանկում ընդգրկված գործարարների երեխաներն այսպես թե այնպես չեն ծառայում, քանի որ դեռ մանկուց այլ երկրների քաղաքացիներ են դառնում։

Իշխանական պատգամավորը կարծում է, որ իր նախաձեռնությունները օբյեկտիվ ասպեկտ ունեն՝ զորակոչի խնդիր կա․ բացի այն, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է, 2,5 անգամ Հայաստանում նվազել են տղաների ծնունդները։ Նաեւ՝ պատերազմ, Հայաստանից տարբեր պատճառներով հեռացող արական սեռի ներկայացուցիչներ եւ այլն։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment