Աֆղանստանում արգելել են շախմատ խաղալ

Դիտում ՝ 25 488

Թալիբները Աֆղանստանում շախմատը «հարամ» են համարել։ Առաքինության խրախուսման և արատների կանխարգելման նախարարությունը հայտարարել է, որ խաղն արգելված է և փակել է երկրի շախմատի ֆեդերացիան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քաղաքագետների միության վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Սերենկոն Telegram-ի իր ալիքում:

Նա պատմել է, որ մայիսի 9-ին Աֆղանստանի շախմատիստները դիմել են սպորտի դեպարտամենտ: Նրանք խնդրել են թույլ տալ շախմատ խաղալ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ստանալ այդ մարզաձևի խմբերի և մրցաշարերի աշխատանքները կազմակերպելու համար:

«Թալիբանի սպորտի և ֆիզիկական դաստիարակության դեպարտամենտի ներկայացուցիչներն իրենց հայտնել են, որ էմիրի հրամանագիրը շախմատն արգելված է հայտարարել և ֆեդերացիային զրկել է իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից», — գրել է Սերենկոն:

Նրա խոսքով՝ շախմատի ֆեդերացիան Թալիբանի իշխանության գալուց հետո երկրում շարունակել է աշխատել։ Շախմատ խաղալ կարող էին սովորել տղամարդիկ և կանայք, իսկ երկրում անցկացվում էին նաև մրցումներ։

Ինչպես հավելել Է Սերենկոն, աշխարհի պետությունների մեծ մասում շախմատը համարվում է ինտելեկտուալ և կրթական մարզաձև, սակայն Աֆղանստանում այդ խաղը դժվարությունների է հանդիպում:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment