«Հիմա ուզում ենք՝ էս տարածքում մա՞րդ ապրի, թե՞ արջ»․ մարդ-արջ կոնֆլիկտը Շատինից Վերնաշեն է հասել

«-Պետք է լինի բնություն, բայց ամեն ինչ պետք է լինի հսկողության տակ և ավելի կազմակերպված ձևով։

-Ես չեմ կարծում, որ էդքան շատ արջ պետք է այսօր բնությանը, դրանք շատ-շատ են, ինչի՞ն է պետք։

-Գևորգյան ջան, թող շատանա, կբռնեն ու կտանեն մեկ ուրիշ տեղ, բաց կթողնեն։

-Արդեն շատացել է, արդեն շատ է»։

Վերնաշենցիների բոլոր զրույցների գլխավոր հերոսն այսօր արջն է։ Նախկին գյուղապետ Հարություն Գևորգյանը կարծում է, որ իրենց գյուղի մերձակա տարածքներում ամենաշատը 3-4 արջ կարող է ապրել, համագյուղացին՝ Հայկ Իսախանյանը հակադարձում է՝ թող շատանան արջերը, բայց պատասխանատուները տեղափոխեն կենդանիներին այլ տարածքներ։ Գյուղացիները նաև կատակում են այս թեմայով․

«Մի կատակ են պատմում, թե Շատին գյուղում արջը շատ վնաս տվեց, շատինցիները արջին բռնել ծեծել են, գետն անցկացրել են, ուղարկել Վերնաշեն։ Հիմա տեսնենք, թե մենք նրան ո՞ւր կուղարկենք»։

Վերնաշենցիները վախենում են մութն ընկնելուց հետո գյուղում շրջել՝ ասում է Հարություն Գևորգյանն ու թվարկում իր ու հարևանների կրած վնասները․

«Հենց մութն ընկնում է, արջերն արդեն գյուղում են խմբերով՝ երկուսով, երեքով, առանձին-առանձին։ Տարբեր տնտեսությունների վնաս են հասցնում, հավերն են ոչնչացնում, ճագարները, մեղվափեթակները, ծառերն են ջարդում։ Երբ բերքը սկսում է հասունանալ, ամբողջ ծառն ուտում է, հարյուրավոր կիլոգրամով բերքը ոչնչացնում է, ջարդում, փշրում»։

Վերջին անգամ Հարություն Գևորգյանը մեկ մետր հեռավորության վրա է արջի հանդիպել․

«Մի ամբողջ օր սթրեսի մեջ էի»։

Կառավարությունը պետք է որոշի՝ այդ տարածքում մարդի՞կ, թե՞ արջեր պետք ապրեն՝ կես կատակ, կես լուրջ ասում է նախկին գյուղապետը․

«Պետությունը պետք է հատուկ միջոցառումներ անի, արգելանոցներ կառուցի, դրանց առանձնացնի, կերակրի, կամ էլ ոչնչացնեն էդ արջերին։ Պետությունը պետք է մտածի իր ժողովրդի մասին։ Հիմա էս տարածքում ուզում ենք մա՞րդ ապրի, թե՞ արջ ապրի»։

Վերնաշենցիներն ասում են, որ արջերի հարձակումներն ավելացել են 2022 թ-ից։ Կարծում են՝ դրա հիմնական պատճառը կենդանիների սոված լինելն է։

Վերնաշենի բնակիչ Հայկ Իսախանյան․

«Հիմա նրանք սոված են, հենց միրգը հասունացավ, թութը հասունացավ, կհարձակվեն։ Կոնկրետ անցած տարի, Բաղդասարյան Խաչիկենց տանը, էդ մարդը թութը հավաքել էր, որ չորացնի, օղի թորի։ Առավոտյան արթնացել էր, ամբողջ ամանը մաքուր էր, հետո տեսել էին, որ շունը քնած է նկուղի դռան մոտ, կինը մոտեցել, տեսել էր արջ է, ամուսնուն վերցրել ու տնից փախել էր»։

Բնության միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Արփինե Թավաքալյանն ասում է, որ մի շարք ծրագրերի, այդ թվում ընձառյուծի պահպանման միջոցառումների շրջանակում հիմնադրամը մարդ-արջ հակասությունը մեղմելուն ուղղված միջոցառումներ է իրականացնում։ Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տվել, որ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, այսպես կոչված, էլեկտրական հովիվներն են․

«Էլեկտրական հովիվը էլեկտրականությամբ աշխատող ցանկապատ է։ Այն շատ թույլ հոսանք է տալիս կենդանուն, երբ նա ուզում է մոտենալ, դա կլինի մեղվափեթակներ, թե այգիներ, ու հետ է գնում։ Ոչ արջն է տուժում, ոչ մարդու բիզնեսը, ոչ էլ, առավել ևս, մարդն է տուժում։ Մենք արդեն Վայոց ձորում, Արարատում և Սյունիքում տեղադրել ենք մի քանիսը»։

Արենի համայնքի հետ Բնության միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը վերջերս է համաձայնագիր կնքել։ Շուտով սկսելու են գնահատել վնասները և էլեկտրական հովիվներ տեղադրել՝ ասում է Արփինե Թավաքալյանը։ Ասում է՝ համեմատաբար ավելի ակտիվ գոտիներում, օրինակ, Շատին գյուղի որոշ հատվածներում, արդեն տեղադրվել են էլեկտրական ցանկապատեր։ Վերնաշենցիները, որ լսում են Թավաքալյանին, վրդովված արձագանքում են՝ ամեն քարի ու թփի մոտ ցանկապատ ինչպե՞ս դնեն․

-Գյուղ են մտնում, ամեն ծառի կողքին հո էլեկտրական հովիվ չենք դնելու, ապրում ենք չէ՞ էս գյուղում։ Մի խնդիր կա, եթե ուզում ենք արջ բուծել, կերակրելու խնդիրն է։

-Չէ, արջ չենք բուծում։

-Այդպես է ստացվում, եթե այդքան շատացել են, ուրեմն բուծվում են։

-Իրականում, բնության մեջ ավելի շատ խնդիր է արջ չունենալը, քան ունենալը»։

Արջերը մեծ քանակը ցույց է տալիս, որ տարածքում նրանց համար հարմար կենսապայմաններ են ստեղծվել, ինչը բնապահպանական առումով կարևոր հաջողություն է՝ ասում է Բնության միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը։

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն ասում է, որ մարզում վերջին տարիներին իսկապես սրվել է արջ-մարդ հակասությունը։ Նրա խոսքով՝ արջերի սնվելու խնդիրը լուծելու համար Եղեգիս համայնքում մոտ 50 հա վայրի պտղատեսակների այգիներ են հիմնում․

«Հիմա տնկվում են վայրի պտղատեսակներ` ծիրան, նուշ, խնձոր, տանձենի և կաղնի, որ 2 տարի անց պտուղը լինի, կուտեն, չեն գա։ Սնման պակասի շղթան է խնդիրը»։

Մինչ այդ՝ բնակիչները կփոխհատուցվեն կարճաժամկետ ծրագրերով։ Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանն ասում է, որ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրով համայնքում 40 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտակայան է տեղադրվել Շատինում, բացի այդ, 2 կիլովատ հզորությամբ 5 շարժական արևային ֆոտովոլտակայան է տրամադրվել։ Դրանց խնայողություններով կփոխհատուցեն արջերի հարձակումներից տուժած գյուղացիներին․

«Ծրագիրը հիմնականում բնապահպանական է և միտված է այսպես ասած՝ մեղմելու մարդ- արջ կոնֆլիկտը։ Տեղադրված ֆոտովոլտակայանի արտադրած էներգիայի խնայողությունների հաշվին արջի հասցրած վնասների փոխհատուցում պետք է կազմակերպի համայնքը, երբ բավարար քանակությամբ գումար բյուջեում հավաքագրվի»։

2025-ի վնասները դեռ հստակեցված չեն, բայց Եղեգիսի համայնքապետարանի հաշվարկներով, վերջին 3 տարում արջերը գյուղացիներին շուրջ 29 միլիոն դրամի վնաս են հասցրել։ Այդ գումարը դեռ չի փոխհատուցվել։

Գլխավոր լուսանկարը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահների

Leave a Comment