Բագրատ Սրբազան. «Մեր օրերում նահատակությունը նկատվում է որպես մեռելություն, մինչդեռ նահատակությունը մեծագույն զոհաբերություն է, որ մարդը կարող է ընծայել ինքն իրեն, իր կյանքը՝ ավելի մեծ նպատակի, ավելի մեծ կյանքի համար»

Մեր եկեղեցում Կարմիր կիրակիին ընդառաջ, որը Զատկից հետո երրորդ կիրակին է, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը ուղիղ եթերում զրուցեց քաղաքացիների հետ:

«Կարմիր կիրակին կրում է խորհուրդը նահատակության եւ այդ ճանապարհով հաղթանակի հասնելու, բազմաթիվ մարտիրոսների, հերոսների, նահատակների արյան գնով նվաճված հաղթանակի: Եվ գաղտնիք չէ, որ անխտիր բոլոր ազգերի պատմությունը, ընդհանրապես հաղթանակների պատմությունը կապված է նահատակության եւ հերոսների կյանքի հետ: Նրանց արյունով եւ նրանց կյանքով է գծված ազգերի պատմությունը հաղթանակների պատմությունը, որից բացառություն չէ մեր ազգը:

Դժբախտաբար, մեր օրերում նահատակությունը նկատվում է որպես մեռելություն: Նահատակությունն այն մեծագույն զոհաբերությունն է, որ մարդը կարող է ընծայել ինքն իրեն, իր կյանքը՝ ավելի մեծ նպատակի, ավելի մեծ կյանքի համար, իր հայրենիքի, իր պետության եւ իր հավատքի համար: Այնպես, ինչպես եղել է մեր կյանքի ճանապարհը եւ անխուսափելիորեն նույնն էլ մնալու է, որովհետեւ բոլոր հաղթանակները այդ ճանապարհով են կերտում:

Երեկ մենք նշում էինք մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրության օրը, ինչպես ընդունված է մեր կյանքում ասել, մեր Եռատոնը՝ նաեւ Պաշտպանության բանակի օրը եւ Հայրենական մեծ պատերազմում կամ Համաշխարհային 2-րդ պատերազմում հաղթանակի օրը, որին անմնացորդ կերպով մասնակցել է մեր ժողովուրդը, որի սխրանքների եւ հերոսությունների պատմությունները գրված են ազգերի պատմության գրքերում»,-ասաց Սրբազանը եւ խոսեց մի շատ կարեւոր ավետարանական դրվագի մասին, որը կապված է յուրաքանչյուր մարդու կամ հավաքականության կյանքի հետ, որից բացառություն չէ նաեւ մեր կյանքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment