Մի զինվորի պատմություն․ Չեխիայում հատուկ են հիշում Երկրորդ համաշխարհայինին մասնակցած այդ հային

Ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում բնակվող շուրջ 650․000 հայ մասնակցել է պատերազմին, և նրանցից մոտ 350․000-ը՝ զոհվել: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում իր մեծ ավանդն ունեցող անձանցից է Հուսիկ Խաչատրյանը։ Հայերի շրջանում՝ առանձնապես ճանաչված անուն, իսկ չեխերին՝ սխրանքների մեծ շարքով հայտնի հերոս։ 1907 թվականին Կոտայքի Ակունք գյուղում ծնված, Թբիլիսիում ու Բաքվում բժշկական կրթություն ստացած Հուսիկ Խաչատրյանն այլ հայ զինվորականների հետ մեկնում է պատերազմ։ Սկզբում մասնակցում է Սևաստոպոլի պաշտպանության գործողություններին։ Հուսիկ Խաչատրյանի անցած հերոսական ուղու մասին «Ռադիոլուր»–ին պատմեց քրոջ թոռնուհին՝ Կարինե Գալստյանը։

«Եղել է Սևաստոպոլում՝ կատարելով բժշկի իր պարտականությունները։ 1942 թվականի հուլիսի 4–ին, երբ գրավել են Սևաստոպոլը, իրենք ընկել են շրջափակման մեջ։ Հուսիկն իր մարտական ընկերների հետ սպասել է, որ վիրավորներին բերեն։ Բայց նրանց արդեն գերմանացիներն են դիմավորել ու ընկել են շրջափակման մեջ։ Դժվարին ճանապարհներով հասել են մինչև Լեհաստան, այնտեղից հետո՝ Բեռլինի մատույցներ։ Բեռլինից հետո ընկել են Լեհաստանի և Գերմանիայի սահմանակից Չեխոսլովակիայի Վիսոկի Նաձիժերո քաղաք»։

Չեխական քաղաքներից մեկում զինվորականներին օգնող կանանցից Մարիա Սմետանովան տեղավորում է նրանց ու տրամադրում տանը պահված ամուսնու զենքերը։ Սկսվում են ընդհատակյա գործողություններ, որոնք ձգվում են մինչև մայիսի 3-ը։ Դրանք կատարողների թվում էին երկու հայեր, որոնք թաքնվում են Սմետանովայի տան ձեղնահարկում։ Վերջինս զգուշացնում է, որ գերմանացիներով շրջափակված են և լուսաբացին պետք է փախչեն անտառ։

«Այս գործողությունների ամբողջ ընթացքում պարտիզանական շարժման ղեկավարը, խմբավորումներ կազմելով, հարձակումներ է իրականացնում։ Ամսի 4–ի լուսաբացին  շուրջկալ է լինում, և ողջ քաղաքը բնակեցված է լինում գերմանացի բնակիչներով։ Այնտեղ նրանց հավաքատեղին է լինում։ Գերմանացի ղեկավարին քաղաքի բնակչությունը մայիսի 8–ին՝ հաղթանակի օրը, կախաղան է բարձրացնում իր վայրագությունների համար»։

Հուսիկ Խաչատրյանն ու մարտական ընկերները, զգալով, որ քաղաքը գրավում են, սկսում են վիրավորներին տեղափոխել առավել անվտանգ վայրեր։ Մեծաթիվ վիրավորների առաջին օգնություն ցույց տալուց ու տեղափոխելուց հետո սպասում են վիրավորների հաջորդ խմբին ու հայտնվում շրջափակման մեջ։

«Բոլորի կյանքը փրկում է, իրենը՝ ոչ։ Սմետանովայի աղջիկը զգուշացնում է՝ գիտեք,  շրջափակված ենք ամբողջովին և պետք է փախչեք անտառ։ Նրան սկսում են հետապնդել, գերմանացիներն ասում են, որ նրան պետք է կենդանի գտնել, և չեխ բնակչի տան մոտ նա վիրավորվում է։ Հիմա այդ քաղաքում և այդ տան տարածքում հուշաքար կա նրա անունով»։

Հուսիկ Խաչատրյանը վիրավորներին փրկելու ճանապարհին ընկնում է Չեխիայի ազատագրման մարտերում։ Նրան շնորհվում է Չեխիայի մարտական պատվավոր «Երկնքում հավերժ փայլող աստղ» շքանշան։ Հուսիկի պատվին երկար տարիներ անվանակոչված է եղել դպրոցի մանկական կազմակերպությունը։

Հուսիկ Խաչատրյանի մասին պատմություններ հավաքելը երկար ու դժվարին ճանապարհ է եղել տիկին Կարինեի համար։ Գրադարանների ու ազգային արխիվի պահոցները փորփրելուց հետո ձեռքի տակ է հայտնվում լրագրող Միքայել Հակոբյանի 1970 թվականին Երևանում հրատարակված «Աստղերը վայր չեն ընկնում» գիրքը, որի  մեծ հատվածը բժշիկ Հուսիկ Խաչատրյանի մարտական ուղու վերաբերյալ տեղեկություններ են։  

«Երևանում թերթերը գրել են, որ «Աստղերը վայր չեն ընկնում» գիրք է հրատարկվել։ Սկսեցի կարդալ ու տեսա նրա մասին պատմությունները։ Գտա, հավաքեցի այս նյութերն ու կապ հաստատեցի Չեխիայի Վիսոկի Նաձիժերո քաղաքի իշխանության հետ»։

Քաղաքի թանգարանի աշխատակիցների հետ նամակագրության մեջ ներկայացվում է, որ ամեն տարի մեծ շուքով հիշատակվել են Չեխիայի ազատագրման համար իրենց կյանքը չխնայած զինվորների, այդ թվում՝ հայազգի Հուսիկ Խաչատրյանի անունները։ Այս տարին ևս բացառություն չի եղել։ Միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել նաև ազգականները։

Leave a Comment