Այսօր՝ մայիսի 9-ին, Հայաստանը միանում է ամբողջ աշխարհում նշվող Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Երևանում հիշատակի ու հաղթանակի ամենախորհրդանշական վայրը՝ Հաղթանակի զբոսայգին, վաղ առավոտից մարդաշատ էր։ Քաղաքացիներ, ուսանողներ, դպրոցականներ, պատերազմի վետերաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ էին մեկտեղվել՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին։
Առավոտյան Հաղթանակի զբոսայգու հուշահամալիր այցելեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև՝ հարգանքի տուրք մատուցելով ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հերոսներին, այլև բոլոր նրանց, որոնք իրենց կյանքն են նվիրել Հայաստանի անկախության ու ինքնիշխանության պաշտպանությանը։
Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, զբոսայգի եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո կաթողիկոսն աղոթքեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածների հոգու հանգստության և խաղաղության համար:
Օրվա ընթացքում տեղի ունեցավ նաև «Անմահ գնդի» քայլերթը դեպի Հաղթանակի զբոսայգի։ Երթին Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների ու պատերազմում զոհվածների հարազատներն էին մասնակցում՝ նրանց լուսանկարներով.


Այսօր Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի շուրջ 30 վետերան։ Նրանցից մեկը՝ 104-ամյա Հրանտ Կարապետյանը, իր թոռան ուղեկցությամբ էր այցելել Հաղթանակի զբոսայգի։
«Կիևից հասել եմ մինչև Պրահա։ 4-րդ ուկրաինական ճակատում 271-րդ դիվիազիայի կազմում»։
Հրանտ պապը տխրությամբ է հիշում հատկապես իր հետ ծառայած ու զոհված հայ հայրենակիցներին.
«Հայրենակիցներս… չեմ ուզում հիշել…. երեք հոգի էինք, ես՝ պուլիմյոտչիկ էի, ընկերս՝ մինամյոտչիկ, մյուս ընկերս՝ հրաձիգ։ Նրանք երկուսն էլ Բաքվի հայեր էին։ Միասին էինք գնացել ճակատ։ Հենց առաջին ականը պայթեց նրանց մոտ, երկուսն էլ զոհվեցին։ Ես մի քիչ հեռու էի իրենցից»։
Հրանտ Կարապետյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ գնդացրային դասակի հրամանատար է եղել։ Կիևից հասել է մինչև Պրահա, սակայն 1945-ի ապրիլի 28-ին վիրավորվել է և հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, դիմավորել է հոսպիտալում։ Այդ օրը բոլորի աչքերում արցունք կար, բայց դա ուրախության արցունք էր… չկար մեկը, որ չզգար՝ աշխարհը փոխվել է՝ ասում է Հրանտ պապը.
«Ես 21 թվի ծնված եմ, հաշվեք՝ քանի տարեկան էի։ Պատերազմը, որ սկսվեց մեր դասարանում ավարտական երեկո էր։ Ամբողջ խմբով գնացինք զինկոմիսարիատ, որ ուղարկեն մեզ ռազմաճակատ»։
Հրանտ Կարապետյանը սովորել է Բաքվի հետևակային ուսումնարանում, ստացել լեյտենանտի կոչում։ Այդ ուսումնարանն իր հետ ևս 4 հայ է ավարտել։ Բոլորն էլ մեկնել են ռազմաճակատ…
«Ամեն առավոտ ճակատ մեկնողների ցուցակ էին հրապարակում։ Մի օր էլ հրապարակեցին ցուցակը՝ 5 հոգի հայ էինք»։
Մենք չմոռացանք մեր ընկած ընկերներին, ու չի կարելի երբեք մոռանալ, թե ինչ գնով է ձեռք բերվել հաղթանակն ու դրան հաջորդած խաղաղությունը։ Տեսնել, որ դեռ հիշում են, դեռ գալիս են, ծաղիկներ են դնում… սա է հաղթանակի իսկական արժեքը՝ ասում է Հրանտ պապը՝ նշելով, որ իր ստացած մեդալներից ամենաթանկն իր համար եղել է առաջինը։
«Էս բոլորը ես ֆրոնտում եմ ստացել։ Ամենակարևորը առաջինն եմ համարում՝ այս կարմիր աստղերից մեկը»։
Հայրենական մեծ պատերազմի տարբեր ճակատներում կռվել ու հաղթանակի գործում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ։ Հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը չորս մարշալ է տվել՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Աղանով և մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ Պատերազմի տարիներին 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է Փառքի շքանշանակիր,
104–ն արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը այդ կոչմանն արժանացել է երկու անգամ։
Հաղթանակի օրը պատերազմի ավարտից 80 տարի հետո էլ մնում է ոչ միայն որպես հիշատակի օր, այլև որպես հիշեցում, թե ինչ գնով է ձեռք բերվում խաղաղությունը։ Այն կոչ է երբեք չմոռանալու, երբեք չընկրկելու։ Այսօր Հաղթանակի զբոսայգում հնչած աղոթքներն ու հիշողությունները միևնույն պատգամն ունեին՝ փա՛ռք հերոսներին, խաղաղությու՛ն ապագային։