Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. ցանկում ավելացվել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության փաստաթղթում նշված է, որ ցանկում ավելացվել է ռուսական «Սոգլասիե» ապահովագրական ընկերությունը և 101 լցանավ՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի համար։
Սահմանափակումները տարածվել են նաև Հոնկոնգում գործող մարտկոցների արտադրող BX Energy-ի և Nord Axis Ltd առևտրային ընկերության վրա: Նրանք, ենթադրաբար, ներգրավված են եղել ռուսական ածխաջրածինների առևտրում: Պատժամիջոցներ են կիրառվել նորվեգական նավերի սպասարկման ծառայություններ մատուցող Romarine AS ընկերության նկատմամբ ևս։ Ըստ հաշվետվության՝ այս բոլոր ընկերություններն արտոնություններ են ստացել Ռուսաստանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելու համար։
Ցանկում ընդգրկվել է նաև Ադրբեջանի հինգ քաղաքացի։ Թահիր Գարաևը, Ահմեդ Քերիմովը, Անար Մադաթլին, Թալաթ Սաֆարովը և Էթիբար Էյյուբը ղեկավարում են Coral Energy Group-ը (նախկինում՝ 2Rivers Group) և ենթադրաբար կապված են ռուսական «ստվերային նավատորմի» հետ։ ԵՄ և ԱՄՆ իշխանություններն այդպիսին են համարում լցանավերը, որոնք օգտագործվում են պատժամիջոցները և նավթի առևտրի այլ սահմանափակումները շրջանցելու համար, գրում է Коммерсантъ-ը:

Leave a Comment