ՄԻՊ-ի աշխատակազմն անհետ կորածների հարազատներից 1000-ից ավելի բողոք է ստացել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2020 թվականի պատերազմից հետո 195 անհետ կորած կա։ Նրանց ընտանիքի անդամները պետական կառույցներից դեռևս իրենց հուզող հարցերի պատասխաններ են սպասում։
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են անհետ կորած անձանց իրավական կարգավիճակը, նրանց ընտանիքի անդամների իրավունքներն ու այն կառույցների պարտականությունները, որոնք լիազորված են զբաղվել այս խնդիրներով։
2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ հինգ տարի անց, ըստ Քննչական կոմիտեի, 195 անհետ կորած կա։ Արդեն հինգ տարի նրանց հարազատներն ապրում են անորոշության մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը փաստում է՝ անհետ կորածների ընտանիքներից 2020-ից ի վեր դիմումներ են ստանում։
«44-օրյա պատերազմի ընթացքում ստացել ենք 1000-ից ավելի բողոք։ Հիմնական խնդիրը, որ առ այսօր պահպանվում է, այն է, որ բազմաթիվ ընտանիքներ իրենց հարազատների գտնելու վայրի, ճակատագրի վերաբերյալ չունեն տեղեկություններ»։
Որպես առավել կարևոր խնդիր ՄԻՊ ներկայացուցիչն առանձնացնում է քրեական վարույթի շրջանակում պատշաճ քննության իրականացման, ԴՆԹ փորձաքննությունների արդյունքների հարցը։ Հիշեցնում է՝ շատ են այն ընտանիքները, որոնք համաձայն չեն ԴՆԹ փորձաքննության պատասխաններին, և ունեն այդպես վարվելու իրենց հիմնավորումները։ ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանի փոխանցմամբ՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի ու 20-ի դեպքերի առնչությամբ քրեական 2 վարույթ է նախաձեռնվել, 183 զինծառայող ու 25 քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։
Մոտ մեկ ամիս առաջ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը փոփոխություններ է ենթադրում մի քանի այլ օրենքներում ևս։ Նախագծով սահմանվում է անհետ կորածի կարգավիճակը։ Նշվում է, որ անձը ձեռք է բերում անհետ բացակայողի կարգավիճակ օրենքով սահմանված կարգով՝ դրա վերաբերյալ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու ուժով։ Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանի փոխանցմամբ՝ նախագիծը մշակելիս հանդիպել են անհետ կորածների հարազատների հետ, ուսումնասիրել են միջազգային փորձը։
«Օրենքի վերնագիրը հուշում է կարգավորման առարկան, անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը, ընտանիքի անդամների իրավունքները, հատկապես իրենց հարազատի գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն է սահմանում, որին համապատասխանում է պետության պարտականությունը բավարար ջանքեր գործադրելու ու հասցեական տեղեկացվելու յուրաքանչյուր անգամ, երբ ծնողն այդ հարցը բարձրացնում է»։
Նախագծով առաջարկվում է անհետ կորած անձ դիտարկել այն զինծառայողին կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձին, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով կամ Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, և վերջին տեղեկությունների ստացման օրվանից ծառայության կամ մշտական բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին:
Նախագծով անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին է առաջարկվում ԱԱԾ-ն, որին է վերապահվում հետախուզման համակարգումը և դրա հետ կապված հարցերի կարգավորումը։ Այս գործառույթներով զբաղվելու են նաև Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները, Քննչական կոմիտեն։ Նախագծով անհետ կորած անձանց միասնական ռեեստրի ստեղծում է նախատեսվում։ Օրենքով սահմանվում են նաև անհետ կորած անձի ընտանիքի անդամների իրավունքներն ու նրանց տրամադրվող արտոնությունները։ Ընտանիքի անդամ են համարվում անհետ կորածի ամուսինը, զավակները և ծնողները:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Եղոյանի դիտարկմամբ՝ օրենքը պիտի լուծումներ տա այն հրատապ խնդիրներին, որոնք պրակտիկայում հաճախ են հանդիպում։
«Աշխատակազմի կողմից ոլորտի ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ գլխավոր խնդիրներից է մեկ մարմնի բացակայությունը, որտեղ անհետ կորածների հարազատները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Գործնականում ընտանիքի անդամը մի պետական մարմնից մեկ այլ մարմին է ուղղորդվում, հետո՝ մեկ այլ տեղ։ Արդյունքում՝ չի ստանում իրեն հուզող հարցի պատասխանը»։
Պատշաճ քննություն իրականացնելու համար միաժամանակ մի քանի գործոնների առկայություն է անհրաժեշտ՝ ասում է մասնագետը։ Խոսքը, ըստ նրա, գործերի քննության ողջամիտ ժամկետի, համակողմանիության և հանրային վերահսկողության մասին է։ Վերջինը ենթադրում է տուժողի ներկայացուցչի մասնակցություն քրեական վարույթին։
«Ի սկզբանե՝ անհետ կորածների հարազատները, նրանց ընտանիքների անդամները քրեական վարույթի շրջանակում տուժող չէին ճանաչվում, վարույթում չէին ներգրավվում, տեղյակ չէին, ինչպիսի հանգամանքներ են քննության առարկա դառնում։ Ըստ էության՝ խնդիրների առաջ էին կանգնում տեղեկատվություն ստանալիս։ Վարույթ իրականացնող մարմինը վկայակոչում է գաղտնիության գործոնը և այդ հիմնավորմամբ տեղեկություններ չի տրամադրում»։
Նախագծի հեղինակներն ասում են, որ այս հարցերն ու այլ մտահոգություններ ևս կքննարկվեն մինչև նախագիծը խորհրդարանի դատին ներկայացնելը։