Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա տոնակատարությունների առիթով Ռուսաստանի նախագահի հայտարարած եռօրյա հրադադարը։ Չնայած Զելենսկին մերժել էր Պուտինի առաջարկը, փոխարենը առաջարկելով 30-օրյա հրադադար հաստատել, այսօր առավոտվանից Ուկրաինայի քաղաքներում հարաբերական հանգիստ է եղել։ Մինչև հրադադարի ուժի մեջ մտնելը, սակայն, Մոսկվայի օդանավակայաններում իսկական օդային կոլապս էր, ավելի քան 100 չվերթ է չեղարկվել, մի քանի տասնյակ թռիչք էլ հետաձգվել է։
Մոսկվան պատրաստվում է մեծ շուքով տոնելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 80-ամյակը այն ժամանակ, երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ շարունակվում է։ Մոսկվայում մտավախություններ կան, որ տոնակատարությունների ժամանակ կարող են սադրանքներ լինել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին չէր ընդունել Պուտինի՝ եռօրյա հրադադարի առաջարկը և կրակը 30 օրով դադարեցնելու պատասխան առաջարկ էր արել։ Արդյունքում՝ կողմերը մերժել են մեկը մյուսի առաջարկը, ինչը մեծացնում է մայիսի 9-ին սադրանքների հավանականությունը։
Այս համատեքստում մամուլում ակտիվորեն շրջանառվում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի բավականին կոշտ արձագանքը Կիևին՝ «Եթե Մայիսի 9-ին Մոսկվայում սադրանք լինի, Կիևում կարող է մայիսի 10-ը չլինել»։
Այս լարված հռետորաբանության ֆոնին, ամենայն հավանականությամբ, դժվար է լինելու ապահովել տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանող տարբեր երկրների ղեկավարների ու բարձրաստիճան հյուրերի անվտանգությունը։
Կրեմլն ակնկալում է, որ Հաղթանակի օրվա շքերթին ներկա կլինեն ավելի քան 20 երկրների ղեկավարներ։
Մոսկովյան տոնակատարությունների նկատմամբ եվրոպական որոշ երկրներ միմյանց հակասող դիրքորոշում ունեն։ Մայիսի 7-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի կարողացել Մոսկվա հասնել։ Նրա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում, քանի որ Լիտվան և Լատվիան փակել էին իրենց օդային տարածքը Սերբիայի նախագահի օդանավի համար։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Մոսկվայի գլխավոր օդանավակայանները երրորդ օրն է՝ չեղարկում կամ հետաձգում են թռիչքները։ Մեկ օրում Ռուսական «Աէրոֆլոտ»-ը չեղարկել է դեպի Մոսկվա և Մոսկվայից մեկնող ավելի քան 100 թռիչք, շուրջ 150 չվերթ էլ հետաձգվել է։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կիևը պատասխանատվություն չի կրում Ռուսաստան այցելող բարձրաստիճան հյուրերի անվտանգության համար։ Արտգործնախարարությունն էլ պետությունների ղեկավարներին հորդորել էր չմեկնել Ռուսաստանի մայրաքաղաք, պնդելով, որ Մոսկվա գնալով նրանք «կիսում են պատասխանատվությունը Պուտինի վայրագությունների համար»։
Այս պայմաններում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Մոսկվային ու Կիևին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարելու, քանի որ պատերազմը հնարավոր չի լինի դադարեցնել առանց նման շփումների:
«Ռուսները մեզանից որոշակի բաներ են պահանջում, և մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են պահանջում»,-ասել է Վենսը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ ՌԴ նախագահը կանգ չի առնելու․
«Նա չի կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Եվ յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ նա կանգ է առնելու, պարզապես հիմար է»։
Գերմանական մամուլում վերլուծում են Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգը։ Մասնավորապես, DW-ը հրապարակել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 80 տարի անց․վերջ հին աշխարհակարգին» հոդվածը։ Պարբերականը գրում է՝ Ուկրաինա ներխուժելով, Ռուսաստանը խախտեց սահմանների խաղաղ փոփոխության սկզբունքը, իսկ Դոնալդ Թրամփի օրոք Եվրոպան այլևս չի կարող վստահ լինել ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի աջակցության հարցում։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին, ինչպես ամբողջ Եվրամիությունը, այնպես էլ Գերմանիայի նոր կառավարությունը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, պետք է որոշում կայացնեն անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ։ Սա, ըստ DW-ի, նշանակում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի ավարտ։
Ուշագրավ է, որ մոսկովյան տոնակատարությունների շուրջ ստեղծված լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահ Ալիևը մերժել է մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու՝ Վլադիմիր Պուտինի հրավերը։ Այս լուրը լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ադրբեջանի նախագահը Մոսկվա չմեկնելը հիմնավորել է իր հորը՝ Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներով։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, այդ ապտճառաբանությունն ընդամենը պատրվակ է: Իրական պատճառն, ըստ վերլուծաբանի, ընկած է ռուս-ադրբեջանական հարաբերությունների այսպես ասած՝ «վայրիվերումների» հիմքում։ Բադալյանը, մասնավորապես, գրում է․
«Երկու օր առաջ Ադրբեջանի՝ Արտաքին միջամտությունների դեմ հակազդեցության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ ադրբեջանական համացանցային ռեսուրսների դեմ ուժգին կիբերգրոհը եղել է Ռուսաստանից»:
Վերլուծաբանի կարծիքով, ռուսական կիբերհարձակումը կարող էր նախազգուշացում լինել Իսրայելի վարչապետ Նաթանյահուի՝ Բաքու այցից առաջ, որը պետք է կայանար մայիսի 7-ից 11-ը։
«Հնարավոր է՝ Ալիևին այդ կերպ որոշել էին նախազգուշացնել, որ Նաթանյահուի հնգօրյա այցի ընթացքում չլինեն համաձայնություններ, որոնք կարող են ռիսկի ենթարկել Ռուսաստանի շահերը: Առավել ևս, որ կար հավանականություն, որ Բաքվում կարող են համաժամանակ լինել թե՛ Նաթանյահուն, թե՛ Էրդողանը: Ի դեպ, այդ ֆոնին ուշագրավ է, որ Նաթանյահուի այցը չեղարկվում է, հետաձգվում անորոշ ժամանակով»:
Ինչ վերաբերում է Երևանի դիրքորոշմանը, ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած Մոսկվայի օդանավակայաններում ստեղծված իրավիճակին, վերահաստատել է, որ մայիսի 9-ին պատրաստ է մեկնելու Ռուսաստանի մայրաքաղաք։