Եթե իրենք ինձ չհեռացնեն, ես իրենց եմ հեռացնելու․ Փաշինյանի առաջարկներն ընդդիմությանը

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրվել է Սահմանադրություն, որը հարմարեցված չէ կոնկրետ շահերի։ Կառավարության ղեկավարը հանդես է եկել նաև ընդդիմությանն ուղղված առաջարկներով։

Խոստումից երեք շաբաթ անց վարչապետ Փաշինյանը հրապարակեց այն առաջարկը, որից, ինչպես նշել էր, ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։ Նա դեպքերի զարգացման երեք սցենար է դիտարկում, երեքի առանցքում էլ նոր Սահմանադրությունն է։

 «Հիմա խաղի կանոնները շատ պարզ են։ Սցենար մեկ․ գնում ենք հանրաքվեի, ժողովուրդը ասում է` ոչ, ես հրաժարական եմ տալիս։ Ժողովուրդը ասում է` այո, ես մինչև վերջ տանում եմ խաղաղության օրակարգը և բոլոր դեպքերում հաջորդ ընտրություններում չեմ լինում վարչապետի թեկնածու։ Այսինքն` ես ընդդիմությանը առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով։ Հիմա կերևա` իրենք ինձ հեռացնելու քաղաքական օրակարգ ունե՞ն, թե՞ ձևեր են թափում։ Եվ ուղիղ ասում եմ` եթե իրենք ինձ չհեռացնեն, ես իրենց հեռացնելու եմ»։

Երրորդ տարբերակի դեպքում իշխանությունը գնալու է արտահերթ ընտրությունների, իսկ այդ պարագայում, Փաշինյանի համոզմամբ, նոր խորհրդարանում այժմյան ընդդիմությունն այլևս տեղ չի ունենա։ Բայց դրանից առաջ Փաշինյանը մի հստակեցում է ակնկալում․ ընդդիմադիրները հանրությանն ուղիղ պետք է ասեն՝ հավատարի՞մ են արդյոք միասնական Հայաստանի տեսլականին, որը, ըստ վարչապետի, քաղաքական ուղիղ հետևանքներ ունի։

Ընդդիմադիրները, ըստ էության, երկար չեն մտածել վարչապետի առաջարկի մասին։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն են արձագանքում։

Տիգրան Աբրահամյան ․ «Մենք չենք պատրաստվում շարժվել Ադրբեջանի օրակարգով։ Ժողովուրդը մեզ մանդատ չի տվել իշխանությունների հետ այդ թեմայով գործարքի գնալու։ Իրենք չունեն սահմանադրական մեծամասնություն, հետևաբար մենք չենք կարող խախտել սահմանադրությունը, և այս հարցի քննարկումը համարվում է ավելորդ օրակարգ»։

Քրիստինե Վարդանյան․ «Ես իսկապես չգիտեմ նախադեպ, երբ ընդդիմությունը պայմանավորվում է իշխանության հետ և վերցնում է իշխանություն։ Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել։ Նա ասում էր` շատ բաներ եմ ասել, ինչո՞ւ եք գալիս ինձ մի տարի առաջվա ասածը ասում` փոխվել է, իրավիճակ է փոխվել։ Բա մեկ տարի հետո չի՞ գալու, ասի` իրավիճակ է փոխվել։ Ամեն դեպքում Փաշինյանի որևէ առաջարկությանը հավատալը կլինի ընդդիմության ոչ թե միամտությունը, այլ հիմարությունը»։

Փաշինյանը, մինչդեռ, նշում է, որ անգամ այս առաջարկը պետք է միջազգային ըմբռնում ունենա։ Այդ նպատակով երաշխիքների կամ առաջարկների հարցը քննարկել է միջազգային գործընկերների, նաև՝ Իլհամ Ալիևի հետ Դուբլինի հանդիպման ժամանակ։ Քննարկումներ եղել են նաև Հայաստանի մյուս հարևանների՝ Թուրքիայի, Իրանի և Վրաստանի ներկայացուցիչների  հետ։

 «Հիմա մի շրջան է, որ պրոցեսները շատ արագ են զարգանում։ Այն ինչ հիմա տեղի է ունենում, իր մասշտաբն ու նշանակությունը շատ ավելի մեծ է, քան միայն Հայաստան–Ադրբեջան»։

«Միասնական Հայաստանի տեսլականի» առնչությամբ վարչապետի պնդմանն ի պատասխան՝ ընդդիմադիր դաշտից արդեն հայտարարում են, որ «Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում»։ Քրիստինե Վարդանյանի այս միտքը շարունակում է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

«Արցախի էջը բացելն իրատեսական չէ, և այո, մենք զրոյական կետից չենք շարժվելու։ Այնպես, ինչպես օրինակ, նույն TRIPP–ի դեպքում»։

Նոր սահմանադրության  կապակցությամբ հանրությանը ներկայացնելիք ուղերձի վրա Հայաստանի վարչապետը դեռ չի սկսել աշխատել։

«Այսօր, վաղը, շաբաթ․ այսինքն` դեռ զարգացումներ կլինեն, ուղերձը կլինի այդ պահի ամենաարդիական տրամաբանությամբ, գոնե ես կփորձեմ այդպես անել։ Բայց այն, ինչին ես ուզում եմ ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել, նոր սահմանադրության նախագծի և անկախության հռչակագրի առնչություններ են։ Ես կարծում եմ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է»։  

Թեև մայր օրենքի նախագիծը դեռ չի հրապարակվել, բայց փոփոխությունների մի մասն արդեն հայտնի են։ Օրինակ, նախատեսվում է լուծարել Անվտանգության խորհուրդը։ Այս հեռանկարը կառույցի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին չի անհանգստանում։

«Ես ենթադրում եմ, որ կօգտագործվի այն տարբերակը, որն աշխարհում կա։ Դա անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակն է։ Անվտանգության խորհրդի ինստիտուտը գործում է 99%–ով միայն հետխոհրդային երկրներում։ Դրանք նախագահական պետություններ են։ Նախագահի ինստիտուտը, որն առանձին ինստիտուտ է, Ազգային ժողովն ու մնացած պետական մարմիններն ի մի բերելու և մի տեղ քննարկում կազմակերպելու համար է ԱԽ–ն։ Մեր երկիրը խորհրդարանական երկիր է, և փաստացի Անվտանգության խորհրդի գործառույթը կառավարությունն այսօր կարողանում է ինքնուրույն կատարել»։

Մեկ այլ փոփոխությամբ՝ նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է ավելացնել ընդդիմության երաշխավորված լիազորությունները։ Անկախ կառույցներում՝ Բարձրագույն դատական խորհրդում, Կենտրոնական բանկում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Հաշվեքննիչ պալատում, ընդդիմությունը կունենա քվոտավորված ներկայություն։ Կձևավորվի նաև նոր կառույց՝ դատախազական խորհուրդ։

Նախագծով կուսակցություններին նաև կարգելվի Հայաստանի անկախությունից հրաժարում քարոզել։

Leave a Comment